Իմանալ՝ ինչպես. Փաշինյանը բանախոսություն է ներկայացրել «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում

photo-2025-03-15-20-53-55-770x_

Այսօր Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ «Կրթվելը նորաձև է» բանախոսությունների շարքի առաջին հանդիպումը, որի բանախոսն էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հայտնում են «Իմ քայլը» հիմնադրամից։

Միջոցառմանը հրավիրված էր շարժման շուրջ 600 մասնակից, ովքեր նախկինում մասնակցել էին ՀՀ վարչապետի տիկին և «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն տիկին Աննա Հակոբյանի հետ «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպումներին։

Իր բացման խոսքում տիկին Աննա Հակոբյանը նշեց, որ ամիսներ առաջ սկսված շարժման այսքան մեծ թվով գաղափարակից-ընկերներ ունենալու փաստը իրեն միայն ոգևորում է, և աշխատելու է առաջիկայում հյուրընկալել տարբեր ոլորտների առաջատար բանախոսների՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից։

Այնուհետև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց իր բանախոսությունը՝ «Իմանալ՝ ինչպես» թեմայով։ Ելույթի ընթացքում ընդգծվեցին տարբեր ոլորտներում կրթվելու, մասնագիտանալու, հմտություններ ձեռք բերելու անհրաժեշտությունը ոչ միայն պարզապես կրթվելու, այլ նաև «իմանալ՝ ինչպես» սկզբունքով գործելու տեսանկյունից։ Անդրադառնալով փորձի և գիտելիքի կիրառելիությանը՝ վարչապետը կարևորեց հասարակության մեջ սեփական պատասխանատվության գիտակցման և շարունակական ինքնազարգացման դերը։

Բանախոսությանը հաջորդեց հարցուպատասխանի փուլը, որը համակարգում էր տիկին Աննա Հակոբյանը։ Մասնակիցները հնարավորություն ունեցան ուղղել հարցեր անմիջապես վարչապետին և ստանալ սպառիչ պատասխաններ: Հնչեց 10 հարց, որոնց շուրջ ծավալվեց բուռն քննարկում։