Թրամփն առաջին օտարերկրյա այցը կկատարի մայիսին՝ Սաուդյան Արաբիա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է մայիսի կեսերին այցելել Սաուդյան Արաբիա, գրում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Սա կլինի Թրամփի առաջին արտասահմանյան այցը նրա երկրորդ նախագահության ընթացքում։ Էր Ռիադը ցանկանում է, որ ԱՄՆ նախագահը այցելի երկիր Ուկրաինայի հակամարտությունը կարգավորելուց հետո։
Հրատարակության զրուցակիցների խոսքով՝ Դոնալդ Թրամփի հավանական ուղևորությունը Սաուդյան Արաբիա վերջին շաբաթների ընթացքում քննարկվել է երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների միջև։ Աղբյուրներից մեկը պարզաբանել է, որ այցի նպատակը կլինի Ծոցի երկրների հետ հարաբերությունների ամրապնդումը, Մերձավոր Արևելքում հակամարտությունների կարգավորման և ներդրումների քննարկումը։
Axios-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահի այցը երկիր ի սկզբանե նախատեսված էր ապրիլի 28-ին, սակայն հետաձգվել է մինչև մայիսի կեսերը։ Զրուցակիցները նաև հավելել են, որ Էր Ռիադը ցանկանում է, որ Դոնալդ Թրամփը երկիր այցելի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի հասնելուց հետո։
2017 թվականին՝ իր առաջին նախագահական ժամկետի մեկնարկից հետո, Դոնալդ Թրամփը իր առաջին արտասահմանյան այցը նույնպես կատարել էր Սաուդյան Արաբիա։