Բժշկական կենտրոններին զրկում են պետական պատվերից, պետպատվերով հիվանդին հետազոտում են ամենահին սարքավորումներով. առողջապահության ոլորտի փորձագետ

Պետական պատվեով բուժօգնություն ստանալու համար առողջապահության նախարարությունը բժշկական կենտրոնների թույլտվությունները դեռ նոր է տալիս: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց առողջապահության ոլորտի փորձագետ, «Առողջության իրավունք» ԻՀԿ համահիմնադիր Ծաղիկ Վարդանյանը:
Նրա խոսքով՝ վարչապետի բարձրաձայնած միտքը, որ պետական պատվերի գումարները գնում են բուժառուի հետևից, իրականության մեջ կերպարանափոխվել է և շրջադարձային հակառակ ձևով է կիրառվում:
«Տարիներով պետական պատվեր մատուցած բժշկական կենտրոններին մի շարք ծառայություններ մերժում են՝ պատճառաբանելով, թե մոտ տեղակայված այլ բժշկական կենտրոնում արդեն այդ ծառայությունը պետպատվերով է: Ուղղորդումը «պոզով պոչով չի», հենց այսպես է լինում: Օֆերտայի պայմանագրի շրջանակներում բուժառուն պարտադրված է ձեր որոշած բժշկական կենտրոններում բուժօգնություն ստանալ»,-նշել է Վարդանյանը:
Վարդանյանի խոսքով, հիմա այն իրավիճակն է, որ օֆերտային սկզբունքից իրավիճակը շեղված է, ու մերժման բացատրությունն այն է, որ կողքի շատ մոտ կազմակերպությունում արդեն իսկ պետպատվեր տեղադրվել է: Այդպիսի օրինակ եղել է. սրտի էխո-կարդիոգրաֆիայի դեպքով: Հստակ ուղղորդումներ են արվում, թե օրինակ որտեղ է այդ հետազոտությունը, կամ վիրահատությունն իրականացնի:
Վարդանյանը, ով շուրջ տասը տարի եղել է պետական պատվերի հանձնաժողովի անդամ ու քարտուղար, ու տեղյակ է բոլոր ընթացքներից, նշել է՝ չի եղել որևէ տարի, որ արդեն իսկ պետպատվերի հայտը նախորդ տարի հաստատեն ու հաջորդ տարի չտան. «Երբեք չի եղել նման դեպք, որ մերժեն, մերժվել են հիմնականում առաջին անգամ հայտ ներկայացնողները, այն էլ՝ մասամբ»:
Նրա խոսքով՝ օրինակ, Ուիգմորին առանց աշխատանքային փորձի միանգամից պետական պատվեր էին տալիս և 600 մլն գումար, շրջապատում մանկական ծառայություն մատուցող բժշկական կենտրոն չկա՞ր:
«Ուիգմորի մասով այդ սահմանափակումները չեն գործել, շատ արագացված ընթացքով են պետպատվերի մասով բոլոր լիցենզիաները: Ստացվում է, որ սա հովանավորչության, ոչ համաչափ սկզբունքների կիրառման օրինակ է, պետպատվերն այպես անելով՝ ոչ միայն ԲԿ-ներն են տուժում, այլ ամենակարևորը՝ տուժում է բնակիչը, քանի որ պետք է նա ման գա ու գտնի, թե օրինակ որտեղ կա այդ պետպատվերը: Մի քանի կազմակերպությունների տնօրենների հետ խոսել եմ, հարցրել, թե ինչու չեն բողոքում, իրենք էլ ասել են, որ ցանկացած հարցով բողոքելուց հետո առողջապահության նախարարությունը սկսում է ռեպրեսիվ մեթոդներ ու միջոցներ կիրառել: Ու նպատակահարմար են գտնում ավելորդ ջանքեր չթափելը», -նշել է Վարդանյանը:
«Շատ հաճախ ԲԿ տնօրենները գերադասում են վճարովի ծառայություններ մատուցելը. «Ցիտում եմ ԲԿ տնօրենների խոսքը՝ գլուխներս բառիս բուն իմաստով ազատեում ենք, քանի որ բողոքներին հաջորդում է մատ թափ տալը» -ընդգծել է նա:
Վարդանյանը նաև նշել է, որ ԲԿ-ները համալրում են ամենաթարմ սարքավորումներով, բայց զրկում են մարդկանց պետպատվերից. «Չի կարելի նման բան անել: Պետպատվերով հիվանդին հետազոտում են ամենահին ապարատներով: Դա չի ՞ տեսնում նախարարը: Ճիշտ մետեցում չէ: Մեզ մոտ կա նաև այն կարծրատիպը, որ եթե ես բժշկին փող չտամ, ապա ինքը լավ չի բուժելու», – եզրափակեց նա :