Առաջին անգամ Հոլոքոստի հիշատակի օրը համընկնել է Հայոց ցեղասպանության ոգեկոչման օրվա հետ. համընկնումն ավելի քան խորհրդանշական է. The Jerusalem Post

IMG_3938-main

Տարիների ընթացքում առաջին անգամ Իսրայելի Հոլոքոստի հիշատակի օրը համընկնել է 1915 թվականի Հայոց ցեղասպանության միջազգային ոգեկոչման օրվա հետ: Համընկնումն ավելի քան խորհրդանշական է։ Այս մասին գրել է The Jerusalem Post-ը։

 

Նշվել է, որ այն հրեաներին և հայերին հնարավորություն է տալիս ճանաչելու արդարության և ճանաչման համար երկարատև պայքարի պատմությունը։

 

«Ապրիլի 24-ին նշվում է Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, երբ 1915 թվականին Օսմանյան կայսրությունը սկսեց զանգվածային տեղահանությունների և ջարդերի արշավ իր հայ բնակչության դեմ։ Ավելի քան 1 միլիոն հայեր զոհվել են, իսկ վերապրածների ճնշող մեծամասնությունը աքսորվել է իրենց նախնիների հողերից»:

 

Ընդգծվել է, Հայոց ցեղասպանությունը մինչ օրս մնում է չճանաչված մի շարք կառավարությունների կողմից, այդ թվում, ամոթալի է, Իսրայելի կողմից։

 

«Հայերն ու հրեաները միայն ցեղասպանությունից փրկվածներ չեն. նրանք տոկուն սփյուռքներ են, փոքր ազգեր, որոնք կերտել են ինքնություններ, որոնք ձևավորվել են հավատքով և հիշողությամբ և նշանակալի ներդրում են ունեցել համաշխարհային մշակույթի, գիտության և նորարարության մեջ», – ասված է հրապարակման մեջ։

 

 

Նշվել է, Իսրայելի և Հայաստանի հարաբերությունները, սակայն, բարդացել են աշխարհաքաղաքականության պատճառով: Իսրայելը սերտ կապեր է պահպանում Հայաստանի հակառակորդ Ադրբեջանի հետ։ Այն Իսրայելին նավթի հիմնական մատակարարն է, մինչդեռ Իսրայելը Բաքվին տրամադրում է առաջադեմ սպառազինություն՝ զենք, որը կարևոր դեր է խաղացել վերջին հակամարտություններում։ Ամենաողբերգականը 2023 թվականի ռազմական հարձակումն էր, ոը հանգեցրել է Լեռնային Ղարաբաղից 120,000 հայերի զանգվածային տեղահանմանը:

 

Անցյալ տարի Հայաստանը ճանաչել է Պաղեստին պետությունը, մի քայլ, որը Իսրայելում ոմանք դիտել են որպես թշնամական. «Սակայն Հայաստանի որոշումը որպես հակաիսրայելական ժեստ որակելը սխալ է: Հայաստանի արտաքին քաղաքականությունը երկար ժամանակ ընդգծել է ինքնորոշման և միջազգային իրավունքի աջակցությունը, ներառյալ Կոսովոյի և Հարավային Սուդանի նմանատիպ ճանաչումները: Դա ոչ թե թշնամական, այլ ՝սկզբունքային ակտ էր։ Ապրիլի 24-ը ոչ միայն վշտանալու, այլ միասին հիշելու, միասին բուժելու և միասին կառուցելու հնարավորություն է», – եզրափակել է The Jerusalem Post-ը: