Սերժ Սարգսյանի քննիչն ու դատախազը բացասական եզրակացություն են ստացել․ «Հրապարակ»

image_750x_67cb36e48ac59

«Հրապարակ» թերթը գրում է. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երեկ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնի համար պայքարող 5 թեկնածուների բարեվարքության եզրակացությունները հանձնել է, որից 2-ինը եղել է բացասական, 3-ինը՝ դրական։ Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը, որը մրցույթի հանձնաժողովի կազմում է, հրաժարվում է հայտնել՝ ովքեր են բացասական եզրակացություն ստացած անձինք, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից եւս հրաժարվեցին անուններ տալ։ Մրցույթով հետաքրքրված անձանցից մեկը մեզ հայտնեց՝ բացասական եզրակացություն ստացել է նախկին դատախազ Կարեն Բատիկյանը եւ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչ Արտաշես Մաիլյանը, որը քննել է Սերժ Սարգսյանի վերաբերյալ քրեական գործը։

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնի համար, հիշեցնենք, 5 անձ է պայքարում՝ Արթուր Նահապետյանը, Գեւորգ Քոչարյանը, Պետրոս Մարտիրոսյանը, Կարեն Բատիկյանը եւ Արտաշես Մաիլյանը։ Այս եզրակացությունից հետո, ամենայն հավանակությամբ, վերջին 2-ի ընտրվելու շանսերը նվազեցին։

Նշենք, որ մինչև Կառավարության կողմից նշանակվելուն հասնելը, Կոմիտեի նախագահի թեկնածուն պետք է նախ մրցութային հանձնաժողովում հավաքի անցողիկ միավորներ, ապա դրանից հետո վարչապետը նրան կնշանակի նախագահ: Նախ թեկնածուների փաստաթղթերն են ուսումնասիրվում՝ արդյոք թեկնածուները համապատասխանում են չափանիշներին, եւ դրական կարծիքի դեպքում արդեն մրցութային խորհուրդը քննության օր է նշանակում և ուղիղ եթերում քննում թեկնածուներին, որից հետո բարեվարքությունն են քննում, ապա թեկնածուները մասնագիտական հարցերին են պատասխանում։ Առավելագույն միավորներ հավաքած թեկնածուներից մեկն ընտրվում է նախագահ»։

Մանրամասները՝ այստեղ: