Մենք նոր էջ ենք բացել մեր պատմության մեջ. գիտակցում ենք, որ սա շատ դժվար և վտանգներով լի ճանապարհ է. Ալեն Սիմոնյան

screenshot-4_54-770x_

Այսօր՝ փետրվարի 25-ին, Երևանում ընթացող Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի բացմանն իր խոսքում ելույթ է ունեցել  ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Ուրախ եմ, որ այսօր Հայաստան-Եվրամիություն գործընկերության նոր թափ ստացած օրակարգի շրջանակում հնարավորություն կունենանք քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Օգտվելով առիթից` ուզում եմ նաեւ շնորհավորել ձեզ Եվրոպական խորհրդարանի` անցյալ տարի տեղի ունեցած ընտրությունների եւ նոր կազմով այս կոմիտեի առաջին նիստին մասնակցելու կապակցությամբ: Վստահ եմ, որ առաջիկայում կունենանք էլ ավելի սերտ ու արդյունավետ համագործակցություն, քանի որ առկա է քաղաքական ամուր կամք եւ մեր հանրության պահանջը: Կուզենայի նաեւ, ի դեմս ձեզ, շնորհակալություն հայտնել Եվրոպական խորհրդարանի բոլոր այն պատգամավորներին, ովքեր այս տարիների ընթացքում հետեւել են տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին, ականջալուր են եղել մեր ահազանգերին և Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված զեկույցներում ու ելույթներում դատապարտել են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից սանձազերծված կործանարար պատերազմը, 100,000-ից ավելի հայերի բռնի տեղահանումը, Հայաստանի ինքնիշխան տարածքի բռնազավթումը, մարդու իրավունքների կոպտագույն խախտումները, Ադրբեջանում պահվող գերիների փաստը, հայկական մշակութային ու կրոնական ժառանգության հանդեպ իրականացված վանդալիզմը:

Ցավոք, այդ բոլոր արձագանքները բավարար չեղան, եւ միջազգային մարդասիրական իրավունքը Լեռնային Ղարաբաղում պարտվեց:

Հարգելի’ գործընկերներ,

Մենք նոր էջ ենք բացել մեր պատմության մեջ: Հայաստանն ընտրել է ժողովրդավարական ուղիով զարգանալու ճանապարհը, քանի որ կանգնած է եվրոպական քաղաքակրթության արժեհամակարգի ակունքներում ու հաստատակամ շարունակում է ամրապնդել ժողովրդավարությունը եւ իր ուժերով իր երկիրը պաշտպանելու ու հզորացնելու քաղաքականությունը: Մենք գիտակցում ենք, որ սա շատ դժվար եւ վտանգներով լի ճանապարհ է:

Աշխարհում տիրող իրավիճակը, արագ փոփոխվող իրականությունը մեզ ստիպում են լինել լայնախոհ և կայացնել ճիշտ որոշումներ, որքան էլ որ դրանք դժվար կլինեն:

Գտնվելով քաղաքակրթությունների խաչմերուկում` մենք մեծապես կարեւորում ենք հարեւան պետությունների հետ բնականոն հարաբերությունները և ձգտում ենք տարածաշրջանում բաց սահմաններով ու գործընկերության վրա հիմնված հարաբերություններ հաստատել: Հայաստանի կառավարությունը հանդես է եկել «Խաղաղության խաչմերուկ» նախագծով, որը վերաբերում է մեր տարածաշրջանի փոխադրումներն ու հաղորդակցության ուղիներն ավելի արդյունավետ դարձնելուն` հիմնված երկրների ինքնիշխանության, իրավահավասարության, տարածքային ամբողջականության եւ փոխադարձության սկզբունքների վրա: Մենք փորձում ենք վարել բալանսավորված քաղաքականություն տարածաշրջանի երկրների եւ ուժային կենտրոնների հետ, որի հիմքում անվտանգության, տնտեսության, էներգետիկ և այլ ոլորտների դիվերսիֆիկացումն է:

Մենք ամենատարբեր ոլորտներում ընդլայնում ենք համագործակցությունը նաև Եվրոպական միության անդամ երկրների հետ:

Կուզենայի իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել Եվրոպական միության կողմից տրամադրվող նշանակալի ֆինանսական աջակցության համար, որն ուղղված է Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին և մի շարք ուղենշային նախաձեռնություններին: Այս ամենը տեղի է ունենում Հայաստան-Եվրամիություն սերտացող եւ նոր օրակարգ սահմանող համագործակցության շրջանակում: Դրա վառ ապացույցը վերջին մի քանի ամիսների ընթացքում տեղի ունեցած մի շարք կարևոր իրադարձություններն են: Մեկնարկեց վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը, Հայաստանն ընդգրկվեց «Խաղաղության եվրոպական գործիք» ծրագրում, Եվրոպական միությունը երկարաձգեց Հայաստանի սահմաններին իր քաղաքացիական առաքելության ներկայության ժամկետը եւս 2 տարով, ինչն ակնհայտորեն եւ էապես կրճատեց սահմանին տեղի ունեցող միջադեպերի թիվն ու կանխեց հնարավոր էսկալացիայի ռիսկերը: Եվ վերջապես, օրեր առաջ` փետրվարի 12-ին, ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը, որը եվրոպական հանրության մաս դառնալուն ձգտող մեր քաղաքացիների վճռականության իրական դրսևորումն է»: