ԵՄ-ն ողջունում է Հայաստանին, որը ճանապարհ է հարթում խաղաղության պայմանագրի տեքստի վերջնականացման համար

Եվրամիությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան հայտարարությունները Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ։
«Մենք ողջունում ենք կողմերին վերջին մի քանի տարիների ընթացքում այս ուղղությամբ իրենց համառ աշխատանքի համար, ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային հանրության ներգրավմամբ։ ԵՄ-ն ողջունում է Հայաստանին, որը ճանապարհ է հարթում խաղաղության պայմանագրի տեքստի վերջնականացման համար։ Հայտարարությունները վճռական քայլ են տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության ուղղությամբ։ Կարևոր է երկու կողմերից էլ պահպանել այս թափը և ապահովել այս գործընթացի սահուն ավարտը նույն հեռանկարային և փոխզիջումային մոտեցումներով: ԵՄ-ն լիովին աջակցում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և պատրաստ է տրամադրել լրացուցիչ աջակցություն և փորձագիտական օգնություն, եթե կողմերը դիմեն», – ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտը ողջունել են Ֆրանսիան, Իսպանիան, Գերմանիան:
Երեկ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը դիվանագիտական խողովակներով Ադրբեջանի ԱԳ նախարարությանը փոխանցել է, որ Հայաստանի Հանրապետությունն ընդունում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ Ադրբեջանի առաջարկությունները և առաջարկել է հանդես գալ համատեղ հայտարարությամբ՝ Խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցված լինելու և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։
Պաշտոնական Բաքուն նախընտրել է հանդես գալ միակողմանի հայտարարությամբ։
Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը հաստատում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցված լինելու և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի փաստը։
Այսպիսով, Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Ադրբեջանական Հանրապետության հետ սկսել խորհրդակցություններ Համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ»: