ԶՊՄԿ նախկին բաժնետերեր հայր և որդի Տրոցենկոները հայտնվել են բրիտանական պատժամիջոցների տակ

Մեծ Բրիտանիայի իշխանությունները ընդլայնել են իրենց պատժամիջոցների ցանկը՝ ներառելով ավելի քան 60 նոր անհատների և ընկերությունների։ Այս մասին հայտնում է РБК-ն։
Մասնավորապես, պատժամիջոցներ են սահմանել S7-ի հիմնադիր Վլադիսլավ Ֆիլևի և նրա ընկերության, գործարարներ Ռոման Տրոցենկոյի, նրա որդու՝ Գլեբ Տրոցենկոյի, Պավել Մորոզովի, Իգոր Կիմի և Էդուարդ Խուդայնատովի դեմ։
Ըստ բրիտանական իշխանությունների՝ այդ անձանցից շատերը «վերահսկում են ընկերությունները, որոնք բիզնես են անում Ռուսաստանի կառավարության համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներում»։
Բացի այդ, պատժամիջոցների է ենթարկվել «Սիբանտրացիտ» խումբը՝ Ռուսաստանի խոշորագույն ածխային ընկերություններից մեկը:
Պատժամիջոցներ են սահմանվել նաև նավթատար նավերի, Հյուսիսային Կորեայի բարձրաստիճան զինվորականների և ղրղզական Կերեմետ բանկի նկատմամբ։
Պատժամիջոցների համաձայն՝ ֆիզիկական անձանց արգելվում է մուտք գործել Մեծ Բրիտանիա, նրանց ակտիվներն այս երկրում ենթակա են արգելափակման, ինչպես նաև արգելվում է նրանց ծառայությունների մատուցումը բրիտանացիների կողմից։
Բրիտանական կառավարության հաղորդագրության մեջ սահմանափակումների նոր փաթեթը համարվում է երկրի կողմից Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության մեկնարկից ի վեր ներդրված ամենամեծ փաթեթը։ Այն համընկնում է լայնամասշտաբ մարտերի մեկնարկի երրորդ տարվա հետ։
Հիշեցնենք, որ ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյի որդին՝ Գլեբ Տրոցենկոն, մինչև 2023 թվականի հոկտեմբերը եղել է ինչպես «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ի, այնպես էլ՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի (ԶՊՄԿ) բաժնետեր։ Ռոման Տրոցենկոյին պատկանող ընկերությունը, և Գլեբ Տրոցենկոն 2023-ի վերջերին հայտնվեցին ամերիկյան պատժամիջոցների տակ։ Դրանից հետո Գլեբ Տրոցենկոն դուրս եկավ «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ի և ԶՊՄԿ-ի բաժնետերերի ցանկից։ Երկու ընկերություններում էլ Գլեբ Տրոցենկոյին փոխարինելու եկավ Տրոցենկոներին փոխկապակցված անձ՝ Ռուսաստանի քաղաքացի Սվետլանա Երշովան։