Դուք հատել եք բոլոր կարմիր գծերը, կա՛նգ առեք․ Անուշ Պողոսյանը՝ ԱՆ պաշտոնյաներին

mixcollage-01-mar-2025-04-49-pm-3065-770x_

Բազմիցս խոսել եմ ԱՆ անտրամաբանական օպտիմալացման մասին։ Այժմ շրջանառվում են նախագծեր , որով օպտիմալացվելու է Աբովյան քաղաքում գտնվող Թոքաբանության ազգային կենտրոնը Երևանում գտնվող Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի հետ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Առողջություն և իրավունք» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Անուշ Պողոսյանը։

«Թոքաբանության ազգային կենտրոնը եզակի դեր ունի ՀՀ առողջապահական ոլորտում, և թերևս մատուցում է հանրապետության մակարդակով եզակի ծառայություններ։ Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի ներդրման շնորհիվ, կարելի է ասել, որ Հայաստանում տուբերկուլոզի դեմ պայքարը թևակոխեց մի նոր փուլ, և Հանրապետական տուբերկուլոզային դիսպանսերի արդեն իսկ փորձառու բժիշկները, մեկտեղելով ֆթիզիատրիայի ռուսական դպրոցի պրակտիկան և պարբերաբար անցնելով վերապատրաստումներ՝ այս ծրագրում իրենց ներգրավվածության արդյունքում ստեղծեցին մի նոր մշակույթ, որը միտված էր ոչ միայն տուբերկուլոզի արդյունավետ բուժմանը, այլև տուբերկուլոզի դեպքերի վաղ հայտնաբերմանը, կանխարգելմանն ու բնակչության իրազեկվածության բարձրացմանը: Այս ամենը հիմք հանդիսացավ, որ Հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսերը ժամանակի ընթացքում գրանցեց լուրջ հաջողություներ: Թե՛ տուբերկուլոզի դեմ պայքարում, և թե՛ այլ թոքաբանական ախտորոշումների և բուժման գործում կենտրոնն արդեն որդեգրել է հիվանդակենտրոն բուժման մոտեցումը։ Եվ ահա որոշել են «քանդել» նաև այդ ծառայությունը․

Ըստ ՀՀ ԱՆ մեր աղբյուրների , սկզբի համար Թոքաբանության ազգային կենտրոնում 4 բաժանմունք միացնելու են իրար՝ դեղազգայուն տուբերկուլոզային բաժանմունքը, դեղակայուն տուբերկուլոզային բաժանմունքը,մանկական տուբերկուլոզային բաժանմունքը և հոգեբուժական բաժանմունքը։ Պետք է առնվազն ուղեղի հետ կապված խնդիրներ ունենալ, որ որոշել երեխային բուժել հոգեբուժական խնդիրներ ունեցող հիվանդի կողքին։

Հ․Գ․ Դուք վաղուց հատել եք բոլոր կարմիր գծերը, սահմաններ, որ չպետք է անցնեիք,

Կանգ առեք»,- գրել է նա։