Բանջարեղեն, որն անփորինելի է լյարդի և լեղապարկի հիվանդությունների, հոդատապի և այլ խնդիրների ժամանակ

image_750x_67c31937aaa1d

Ըստ բժիշկ Ուիլյամ Հարվեյի՝ դդումի սերմը մեղմացնում է սրտի ցավերը և օգտակար է շագանակագեղձի բորբոքման դեպքում` միայն մեկ պայմանով, որ պետք է ուտել կանաչավուն թաղանթի հետ։

Ժամանակակից ժողովրդական բուժարարները կարծում են, որ դդմի մուրաբան նպաստում է ուղեղի աշխատանքի լավացմանը, իսկ պտղից ստացված պատրաստուկները և հյութն օգտակար են սրտին, հանգստացնում են նյարդերը և ունեն քնաբեր հատկություն։ Ըստ ժամանակակից մոտեցման` դդմի պտղամիսը, սերմը, սերմից ստացված յուղն ունեն միզամուղ հատկություն, մաքրում են լեղին, օգտակար են տեսողությանը։

Դդմի պտղամիսը հարուստ է կենսանյութերով` B խմբի վիտամիններ (B1, B2, PP),C վիտամին, ռուտին (P), վիտամիններ E, A, D։ Պարունակում է կալցիում, կալիում, երկաթ, ֆտոր, ցինկ, պղինձ, ֆոսֆոր։ Պտղամիսը հարուստ է պեկտինով, որը նպաստում է խոլեստերինի հեռացմանը օրգանիզմից, ինչի շնորհիվ կանխարգելվում է աթերոսկլերոզի զարգացումը։

Պտղամիսն օգտակար է երկաթի սակավության, ստամոքսահյութի ցածր թթվայնության, լյարդի և լեղապարկի հիվանդությունների, կոլիտների և էնտերոկոլիտների սրացման, հիպերտոնիկ հիվանդության, խիթերի, հոդատապի, ճարպակալման, լեղաքարային հիվանդության, նյութափոխանակման գործընթացների խանգարման դեպքում։ Կա կարծիք, որ սննդակարգում դդումի կանոնավոր ընդգրկման դեպքում ուժեղանում է մարդու իմունային համակարգը, արագանում է ստամոքսի և 12-մատնյա խոցի ապաքինման գործընթացը (վերջինի դեպքում անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ)։

Դդմի հյութը հանգստացնում է նյարդերը, ունի միզամուղ հատկություններ, կիրառվում է էկզեմայի և այրվածքի բուժման համար։

Տոքսիկոզ` հղիության շրջան. Խմեք 50-ական մլ դդումի թարմ հյութ` օրը 3-4 անգամ (կարելի է խմել 100-ական մլ` օրը 1 անգամ)։

Դդումը ծաղկում է ամռանը, ծաղիկները հարուստ են հակաօքսիդանտ հատկություն ունեցող` կարոտինային և ֆլավոնային նյութերով։ Մեղրատու բույս է, մեղրը ոսկեդեղին է, արագ բյուրեղացող, բազմերանգ համով։ Օգտակար է երիկամների և լյարդի հիվանդությունների դեպքում, ունի լեղամուղ հատկություն։
Լյարդի ցիռոզ, քրոնիկ հեպատիտ. Բուժիչ և կանխարգելիչ նպատակներով խորհուրդ է տրվում ուտել 30-ական գ դդումի մեղր` առավոտյան և երեկոյան, քառորդ թեյի գդալ մեղվի կաթի հետ։

Տերևը հարուստ է C վիտամինով (մինչև 620 մգ` 100 գ հումքի մեջ)։

Սերմը պարունակում է ջուր (6,3 տոկոս), ածխաջրեր (11 տոկոս), սպիտակուցներ (15 տոկոս), բջջանք (14,8 տոկոս), չհագեցած և հագեցած ճարպաթթուների գլիցերիդներ (40 տոկոս-50 տոկոս)։ Սերմը հարուստ է կարոտինային նյութերով (ավելի շատ է, քան գազարում), պարունակում է նաև ֆոսֆոլիպիդներ, ֆիտոստերին, վիտամին E, ցինկի աղեր։ Ցինկը շատ օգտակար է տղամարդկանց համար և շաքարային դիաբետի դեպքում։

Վերջին տարիներին հայտնվել են հաղորդագրություններ, որ բուժիչ հատկություններով է օժտված նաև պտղակոթը, այնինչ տիբեթյան բուժարարները վաղուց ի վեր օգտագործել են այն աղեստամոքսային համակարգի հիվանդությունների բուժման համար։

Մանր կտրատեք 15-20 պտղակոթը և 2 գ ակնամոմը, խառնեք և 15 րոպե եփեք 400 մլ եռջրում, բաժանեք 3-4 մասի, խմեք օրվա ընթացքում։ Օգտակար է նաև լյարդին, երիկամներին և սրտին։

Զգուշացում։ Դդումի պտղամիսը հակացուցված է ստամոքսահյութի ցածր թթվայնության և քրոնիկ լուծի դեպքում, պետք է սահմանափակեն շաքարային դիաբետով հիվանդները։