Առեղծվածային դեպք՝ Երևանում. Աբովյան փողոցի շենքերից մեկի նկուղում շինարարները հայտնաբերել են մարդու ոսկորներ

GOjpd5fpiJI3GMuw7wWi81wJkfxZFhcpGC3EVHvm

Այսօր՝ փետրվարի 28-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան փողոցի շենքերից մեկի նկուղային հարկում աշխատանքներ կատարելիս բանվորները մարդու ոսկորներ են հայտնաբերել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Մարաշի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մառլեն Հակոբյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի քրեական վարչության պետ Հայկ Հարությունյանը:

Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի, վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են պարեկները:

Դեպքի մասին ոստիկանության Մարաշի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հերթապահ քննիչի ու փորձաքրեագետի գլխավորությամբ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ հայտնաբերված մարդու ոսկորները հնարավոր է նշված վայրում թաղված լինեն մոտ 70 տարի առաջ:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Լուսանկարնեիրը և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։