Ապարանի ավագանին և Գլխավոր դատախազությունը դատարանում վիճարկում են եկեղեցիները Մայր Աթոռին հանձնելու որոշումները. Hetq.am

screenshot-5_64-770x_

Նոյեմբերի 13-ին Ապարան համայնքի ավագանին հայցադիմում է ներկայացրել  Վարչական դատարան՝ ընդդեմ համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանի: Պահանջում են անվավեր ճանաչել համայնքի տարածքում ինքնակամ կառուցված եկեղեցիները համայնքային սեփականություն ճանաչելու, նվիրատվության պայմանագրով եկեղեցուն հանձնելու որոշումներն ու սեփականության իրավունքի գրանցումները: Համայնքի ղեկավարի որոշումը վարչական դատարանում վիճարկում է  նաև Գլխավոր դատախազությունը: Գրում է Հետքը:

Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը 2019թ. 3 որոշում է կայացրել, որոնց համաձայն համայնքի Եղիպատրուշ և Երնջատափ գուղերում ինքնակամ կառուցված եկեղեցիները ճանաչվել են համայնքի սեփականությունը: Դրանից հետո եկեղեցիներն իրենց սպասարկման տարածքներով, նվիրատվության պայմանագրերով փոխանցվել են Հայ առաքելական եկեղեցուն:

Համայնքի ղեկավարն առաջին որոշումը կայացրել է ապրիլի 1-ին: Ըստ որի՝ Եղիպատրուշ գյուղում գտնվող, 1208թ. և 1220թ.-ին համայնքի կողմից ինքնակամ կառուցված 453.4 քմ արտաքին մակերեսով եկեղեցին ճանաչվել է համայնքային սեփականություն, իսկ 0.1566 հա  հողամասը հատկացվել է եկեղեցուն՝ պահպանման և սպասարկման համար:

Հաջորդ որոշումը Կ. Եղիազարյանը կայացրել է նոյեմբերի 21-ին:  Ապարան համայնքի  Երնջատափ   գյուղում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքում 1960թ.-ին համայնքի կողմից ինքնակամ կառուցված 90.85 քմ արտաքին մակերեսով եկեղեցին ճանաչվել է համայնքային սեփականություն, օրինական գույք: Իսկ 0.3586 հա հողամասը համայնքի ղեկավարը որոշել է հատկացնել եկեղեցուն՝ պահպանման և սպասարկման համար:

Նույն օրը համայնքի ղեկավար Կ. Եղիազարյանը մեկ այլ որոշում է կայացրել, այս անգամ համայնքի սեփականությունը ճանաչելով նույն գուղում գտնվող «3-րդ և 13-րդ դարում համայնքի կողմից ինքնակամ կառուցված» մեկ այլ՝ 447.59 քմ արտաքին մակերեսով եկեղեցին: Իսկ պահպանման և սպասարկման համար եկեղեցուն հատկացվել է 0.2815 հա հողամաս:

Նշված եկեղեցիները՝ իրենց սպասարկման տարածքով, պետական գրանցում ստանալուց հետո նվիրատվության պայմանագրերով հանձնվել են  Հայաստանի Առաքելական եկեղեցուն, և գրանցված է եկեղեցու սեփականության իրավունքը:

Ապարան համայնքի աշխատակազմի քարտուղար Իդա Թադևոսյանը տեղեկություններ չուներ ավագանու կողմից հայցադիմում ներկայացնելու վերաբերյալ, իսկ ընդդունարանից խորհուրդ տվեցին խոսել համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, «Կարեն Եղիազարյան» խմբակցության ավագանու անդամ Արկադի Կարապետյանի հետ: Վերջինս այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

Ապարան համայնքի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ Ժորա Կոստանյանից հետաքրքրվեցինք, թե ինչն է  պատճառը, որ համայնքի ղեկավարի որոշումը վիճարկում են դատարանում: Ժ. Կարապետյանը հստակ չկարողացավ նշել պատճառը: Միայն մտաբերեց, որ որոշումը կայացվել է 2019թ․-ին, իսկ դատարան դիմելու առաջարկություն ներկայացրել էր Գլխավոր դատախազությունը:

Գլխավոր դատախազությունը վարչական դատարան հայցադիմում ներկայացրել է համայնքի ղեկավարի միայն մեկ որոշման վերաբերյալ: Մասնավորապես՝ 2024թ. փետրվարի 7-ին դիմելով դատարան, Դատախազությունը պահանջել է անվավեր ճանաչել Եղիպատրուշ գյուղի եկեղեցին համայնքային սեփականություն ճանաչելու որոշումը, դրանից բխող սեփականության իրավունքի գրանցումը, ինչպես նաև գույքը եկեղեցուն նվիրատվության կարգով Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուն փոխանցելու և վերջինիս սեփականությունը գրանցելը:

Ավելին՝ սկզբնաղբյուրում: