Անձը կարող է արտահայտել միտք, որը կարող է հաճելի չլինել այս կամ այն խմբերին. Վարդանյանը՝ Ալեքսանդր Սիրունյանի մասին

Ես խոսքի արտահայտման ազատության կողմնակից եմ, և եթե որևիցե մեկի մոտ հարցեր էին առաջացել առ այն, թե այս կամ այն անձի հրապարակումները վիրավորում են կամ զրպարտում են այս կամ այն անձին, վերջինս կարող է օրենքով սահմանված ընթացակարգերով ստանալ իր հարցերի պատասխանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ԲԴԽ նախագահի թեկնածու առաջադրված Ալեքսանդր Սիրունյանի կողմից հրապարակաային ձևով ատելության խոսք տարածելուն, ասաց ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:

«Ինչ վերաբերում է թեկնածուին, պարզապես պետք է նշեմ, որ իմ պատասխանը շատ հստակ է,  խմբակցության մոտ դիրքորոշում ձևավորվում է բացառապես լիագումար նիստերի դահլիճում՝ վերջինիս ելույթը և քննարկումը լսելուց հետո: Ինչ վերաբերում է՝ ծանոթ եմ, թե ծանոթ չեմ նրա հրապարակումներին, ես ֆեյսբուքյան ոչ բոլոր հրապարակումներին եմ ծանոթանում և պարզապես առաջնորդվում եմ այն սկզբունքով, որ քանի դեռ անձը չի զբաղեցնում մի պաշտոն, որը պահանջում է, որպեսզի վերջինս ունենա քաղաքական զսպվածություն, վերջինս կարող է օրենքով և Սահմանադրության միջազգային ստանդարտներին համապատասխան, արտահայտել այն մտքերը, որոնք կարող են նաև հաճելի չլինել այս կամ այն խմբի համար։ Խոսքը վերաբերում է այն լեգիտիմ շեմի մասին, որը Եվրոպական դատարանը դիտարկում է որպես ընդունելի խոսք՝ ազատության տեսանկյունից»,- ասաց նա: