«Բա հո կոկայինի Միհրանին չեն ընտրելու»․ Փաշինյանի չաշխատող բանաձևը
Screenshot
Որքան մոտենում են ընտրություններն այնքան իշխող ուժի առաջնորդի հռետորաբանությունը փոխվում է, և փոխվում է ոչ թե քաղաքական դիսկուրսի առումով, այլ՝ սեփական ժողովրդին շանտաժ անելու և այլընտրանքի բացակայության «կերակրումով»։
Վերջին շրջանում Փաշինյանի շուրթերով ձևավորվում է վտանգավոր, բայց միևնույն ժամանակ պարզ մի տրամաբանություն՝ ընտրողին այլևս չեն առաջարկում ընտրել։ Նրան «բացատրում են», թե ով չպետք է լինի այդ ընտրությունը։
«Բա հո կոկայինի Միհրանին կամ Դոն Պիպոյին չեն ընտրելու»՝ այս արտահայտությունը ներկայացվում է որպես հեգնանք, թեթև խոսք, գուցե նույնիսկ «ժողովրդական» մոտեցում։ Բայց իրականում սա պարզունակ տեխնոլոգիա է։ Այս ձևակերպմամբ Փաշինյանը չի փորձում պարզապես քննադատել մրցակիցներին։ Նա անում է շատ ավելի կարևոր բան՝ նա սահմանում է, թե ովքեր են ընդհանրապես արժանի համարվել ընտրություն։ Այսինքն՝ խաղի կանոնները գրվում են հենց իշխանության կողմից։
Ստեղծվում է մի արհեստական իրականություն, որտեղ ընտրությունը ներկայացվում է այսպես՝ մի կողմում՝ գործող իշխանությունն է, մյուս կողմում՝ ծաղրական, «օդիոզ» նույնիսկ «անլուրջ» կերպարներ։ Սա դասական մանիպուլյացիա է՝ երբ ընտրողին դնում են ոչ թե «լավի ու լավի», այլ «վատի ու ավելի վատի» միջև ընտրության առաջ։ Եվ հետո դա ներկայացվում է որպես ժողովրդավարություն։
Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ ընտրությունը ոչ թե իր կողմից մատնանշված մականունավորների միջև է, այլ՝ իրական այլընտրանքի։ Այս ընտրություններում դիրքավորվել են այնպիսի ուժեր, որոնք լուրջ վտանգ են ներկայացնում Փաշինյանի երրորդ ժամկետով վերարտադրվելուն։
«Կոկայինի Միհրան», «Դոն Պիպո»․ սրանք արդեն ոչ թե անուններ են, այլ նախապես պատրաստված «քաղաքական սիմվոլներ», որոնք պետք է հասարակության մեջ առաջացնեն ավտոմատ մերժում։ Արդյունքում ընտրողը նույնիսկ չի հասնում մտածելու փուլին։ Նրա փոխարեն Փաշինյանն արդեն մտածել է, բայց մի քանի անգամ կիրառված հին մեթոդն այս անգամ չի աշխատելու իշխանության օգտին։ Եվ ամենակարևորը՝ երբ մարդկանց շատ երկար համոզում են, որ այլընտրանք չկա, նրանք սկսում են այն ստեղծել։ Եվ այդ պահին նույնիսկ ամենահեգնական պիտակները դադարում են աշխատել։

Irakanum.am
