Չնայած երեխաներն ավելի լավ կարող են լուծել առաջադրանքներն ԱԲ միջոցով, սակայն այն չի դառնում իրական գիտելիք և հմտություն․ Ժաննա Անդրեասյան

619530555-1212786621043550-4026562532806493324-n-1769239432676-770x_

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղերձը Կրթության միջազգային օրվա կապակցությամբ․

«Սիրելի՛ հայրենակիցներ, հունվարի 24-ը նշվում է որպես Կրթության միջազգային օր և այս տարի կրում է «Երիտասարդության ուժը. համաստեղծելով կրթությունը» խորագիրը:

Այս խորագիրը նշանավորում է այն դերը, որն ունեն երիտասարդները կրթության ոլորտի զարգացումների և քաղաքականությունների մշակման գործընթացում: Այն նաև հիշեցնում է, որ կրթությունը նախևառաջ սովորողի մասին է, նրա շուրջ է և նրա մասնակցությամբ:

Կրթությունը պետք է զորեղացնի երիտասարդներին, մեծացնի նրանց մրցունակությունը կյանքի յուրաքանչյուր ասպարեզում, նպաստի նրանց տաղանդների բացահայտմանն ու զարգացմանը: Հենց այս գաղափարն է կրթության ոլորտի ռազմավարության կարգախոսում՝ «Լավ սովորիր, որ լավ ապրես»: Այն առաջին հերթին սովորողի ակտիվության, նախաձեռնողականության, մասնակցության և գործողության մասին է՝ հուշելով նաև սովորելու վերջնարդյունքը, որն ինչպես անհատի, այնպես էլ դրան համադրված և դրանից բխող հանրային լավակեցությունն ու բարեկեցությունն է:

Ամբողջ աշխարհում կրթական համակարգն ակտիվորեն վերափոխվում է, և առաջիկայում այդ վերափոխումն ավելի տեսանելի է դառնալու:

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության՝ թվային կրթության վերաբերյալ վերջին զեկույցը պարզ է դարձնում, որ արդեն իսկ աշխարհում ամեն երրորդ ուսուցիչ օգտագործում է արհեստական բանականության գործիքակազմը: Ընդ որում՝ այս գործիքակազմն օգտագործող ուսուցիչների 57 տոկոսը համարում է, որ այն իրենց օգնել է ավելի լավ պլանավորել դասերն ու պատրաստել դրանք: Միաժամանակ, ավելի քան 70 տոկոսը մտավախություն ունի, որ արհեստական բանականության գործիքակազմը վնասում է ակադեմիական ազնվության միջավայրը:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ չնայած երեխաներն ավելի լավ կարող են լուծել առաջադրանքներն ԱԲ միջոցով, սակայն այն չի դառնում իրական գիտելիք և հմտություն, այլ դրսևորվում է իբրև իրավիճակային վարքագիծ, քանի որ երբ ԱԲ-ից օգտվելու հնարավորություն չկա, այդ գործիքակազմն օգտագործած սովորողներն ավելի վատ արդյունքներ են ցուցաբերում, քան մյուսները: Միաժամանակ, մանկավարժորեն ճիշտ ուղղորդման պարագայում ԱԲ գործիքակազմը ոչ միայն իրավիճակային աջակցություն է հանդիսանում, այլև օգնում է գիտելիքի և հմտությունների շարունակաբար խորացմանն ու լավարկմանը:

Այս նպատակով անհրաժեշտ է, որ ԱԲ-ն կրթական համակարգ մուտք գործի ոչ թե ինքնաբերաբար, այլ մանկավարժական առումով մտածված, գիտակցված, ուղղորդված՝ որպես ուսուցչի և դասախոսի օգնական: ԱԲ այդպիսի գործածումը պահանջում է նախևառաջ ԱԲ գրագիտություն, որը պետք է դառնա մեդիագրագիտության անբաժանելի բաղադրիչը և ուսուցանվի բոլոր ուսումնական հաստատություններում:

Ինչպես կրթության ոլորտի բոլոր ճանապարհները, սա ևս միասին անցնելու ճանապարհ է՝ հետևողական աշխատանքով ու ջանքով և անընդհատ սովորելով»։