85 հոգի վճարել է 15 մլն դրամ և ազատվել է ծառայությունից, 38 հոգի ծառայել է 1 ամիս՝ վճարել 8 մլն. Հայկ Սարգսյան
87 հոգի օգտվել է 17 մլն դրամ վճարելու կետից, ազատվել է ծառայությունից և չի ծառայել: Մոտ 38-ը՝ օգօստոսի 1-ի դրությամբ, ծառայել է 1 ամիս, վճարել է 8 մլն դրամ: Ունենք նաև 9 տղաներ, ովքեր ծառայել են 2 տարի ժամկետով և որևէ գումար չեն վճարել: Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:
«Ունենք հայրենակից տղաներ, ովքեր ծառայությունից խուսափել են, հիմա 27 տարին լրացած է, բայց ունեն ծառայության հետ անհամատեղելի հիվանդությունններ: Նախորդ օրենքի ընդունմամբ ավելացրել էինք կարևոր կետ՝ որով 27-37 տարեկան հասակում այն անձինք, ովքեր դառնում են ՀՀ քաղաքացի, պարտավոր էին արդեն ծառայել 1 տարի ժամկետով կամ վճարել 2.5 մլն դրամ: 2021 թվականին հեղինակեցի օրենքի նախագիծ, որով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվեցին զոհված զինծառայողների բոլոր որդիներն ու եղբայրները՝ հենց այդ ժամանակ «Հայաստան» խմբակցության մեր հարգելի գործընկերները ասում էին, որ դրանով կունենանք զորակոչի թվի նվազում: Ես այդ ժամանակ պարտավորվեցի և ասացի, որ այս թիվը կլրացնեմ նոր Հայաստանի քաղաքացիություն ստացող անձանց միջոցով»,- նշեց նա:
Անդրադառնալով չծառայող քաղաքացիներին՝ Հայկ Սարգսյանը մանրամասնեց.
«Ունենք բազմաթիվ հայեր, ովքեր աշխարհի տարբեր երկրներում ծնվելով և մեծանալով չեն լինում ՀՀ քաղաքացի, թեպետ ծնվելուց հետո տեղափոխվում ու ապրում են Հայաստանի Հանրախպետությունում: Նրանք բոլորը՝ մինչև օրենքի ընդունումը, դառնում էին ՀՀ քաղաքացի 27 տարին լրանալուց հետո, որպեսզի չգնան 2 տարի ժամկետով ծառայության: Այստեղ ստեղծվել էր անհավասարություն, որովհետև Հայաստանում ծնվածները ծառայում էին 2 տարի ժամկետով: Նման կետ մտցրեցինք, որպեսզի նրանք՝ կամ ծառայեն 1 տարի ժամկետով, կամ վճարեն 2.5 մլն դրամ»:
Խոսելով չհաշվառված անձանց մասին՝ Սարգսյանը նշեց, որ օրենքի ընդունումից հետո բոլոր այն անձինք, ովքեր հաշվառված չեն ու կներկայանան հաշվառվելու նպատակով 27 տարին լրանալուց հետո՝ պարտավոր կլինեն վճարել 15 մլն դրամ:
Այնուհետև, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ Սարգսյանը նշեց, որ այն տղաները, որոնք խուսափել են ծառայությունից և 27 տարեկանից հետո քրեական գործ է հարուցվել նրանց դեմ, չեն կարող ծառայել: Նրանք՝ ըստ Սարգսյանի, ունեն միայն մեկ տարբերակ, այն է՝ դատապարտվել ազատազրկության 2-5 տարի ժամկետով:
«Այս պահին ունենք 1,300-ից ավելի տղաներ, որոնք մեր հայրենակիցներն են, բնակվում են արտասահմանում: Նրանք չեն ծառայել և այժմ գտնվում են հետախուզման մեջ՝ բանակում չծառայելու հանգամանքով»,-նշել է նա:
