Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև

M1PjtYNoEtZnTkennCgHA1lCqc6wnkYo115MrtJK

Հունվարի 15-ին Բեռլինում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Գերմանիայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կնտրոնական Ասիայի հարցերով հանձնակատար Նիկլաս Վագների գլխավորությամբ։

Կողմերը քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ գոհունակությամբ ընդգծելով երկու երկրների միջև հարաբերությունների բարձր մակարդակը և քաղաքական ակտիվ երկխոսությունը:

Մտքեր են փոխանակվել ՀՀ վարչապետի և Գերմանիայի դաշնային կանցլերի կողմից 2025թ. դեկտեմբերի 9-ին ստորագրված՝ «Երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի մասին» հռչակագրում ուղենշված ոլորտներում փոխշահավետ համագործակցության ընդլայնմանն ուղղված համատեղ քայլերի շուրջ։

Զրուցակիցները նաև անդրադարձել են ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերի, արձանագրել միջազգային հարթակներում ձևավորված ակտիվ փոխգործակցությունը։

Նախարարի տեղակալ Կոստանյանը զրուցակցին է ներկայացրել 2025թ. օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան համաձայնությունների արդյունքներով Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում տնտեսական փոխկապակցվածության զարգացմանն ուղղված ծրագրերի, այդ թվում՝ «ԹՐԻՓՓ ուղի» նախագծի կյանքի կոչման արդյունքում ակնկալվող տարածաշրջանային հնարավորությունները: