Գերիների վերադարձի ֆոնին շարունակում են ռեժիմի գերության մեջ մնալ 3 տասնյակ անձինք․ Սամսոնյան

95607655-0-54-1280-774-1920x0-80-0-0-83f1ed911e05f6f3039ae0de7b6eaab9-1768473442489-770x_

Գերիների վերադարձի ֆոնին շարունակում են ռեժիմի գերության մեջ մնալ 3 տասնյակ անձինք։ «Արմավիր» ՔԿՀ-ից գրել է Նարեկ Սամսոնյանը, ով 7-րդ օրն է հացադուլի մեջ է։

«Տեղեկացա, որ Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվել 4 հայազգի գերիներ։ Լուրը շատ ուրախալի է անկախ դաշտում առկա մասնագիտական քննարկումներից առ այն, որ փոխանակումը համաչափ չի եղել, քանի որ ռեժիմն Ալիևին է հանձնել երկու վարձկան ահաբեկիչների, որոնք, ի հակադրություն մեր գերիների, իրական ահաբեկիչներ էին։ Բաքվի բռնապետն այս ամենը կփորձի ներկայացնել որպես «մարդասիրության» դրսևորում, իսկ մեր ռեժիմի պարագլուխն այն մաքսիմալ կօգտագործի որպես նախընտրական քարոզչության ևս մեկ PR հնարավորություն։

Իրականում, Բաքվում հայ գերիների թեման պետք է ի սկզբանե քննարկման առարկա դառնար և լուծվեր մինչև «խաղաղության պայմանագրի» նախաստորագրումը, բայց ռեժիմի համար այդ մարդկանց գերությունը բանակցության առարկա չէր, և, կարծում եմ, որ որոշ հայ գերիների պարագայում ռեժիմի պարագլուխն ինքը կանի ամեն ինչ, որ չվերադառնան։

Մեր գերիների վերադարձի ֆոնին հայկական բանտերում շարունակում են ռեժիմի գերության մեջ մնալ շուրջ 3 տասնյակ անձինք, որոնց միակ «հանցանքը» ռեժիմի ընդդիմախոսությունն է։ Ռեժիմի տեղական գերիների մասով «բանակցող» չկա, իսկ ժամանակին անգամ ոստիկան գնդակահարած ահաբեկիչների դատավարություններն անցնում էին օտարերկրյա դեսպանների մասնակցությամբ։ Իսկ այսօր Հայաստանում հաստատված բացահայտ հակաժողովրդավարական ռեժիմին իր պարագլխի հետ թույլատրված է անել ամեն ինչ, անգամ բյուջեից գաղտնի գրիֆով դուրս գրել 3 միլիարդ դրամ ու բաժանել ռեժիմի կատարածուներին։ Դե մարդկանց գերության մեջ պահելու մասին էլ չեմ խոսում…

Հ.գ. Հիշեցնեմ, որ արդեն 7-րդ օրն է հացադուլի մեջ եմ, և ինձ ապօրինի կալանքից անհապաղ ազատ արձակելու նախնական պահանջս շարունակում է անկատար մնալ։

Հ.գ. 2. Ի դեպ, այս օրերի ընթացքում մի շատ դրական բան է տեղի ունեցել. մեր փաստաբանները Բագրատ սրբազանին ու ինձ փոխանցել են մեր փոխադարձ խոսքերը։ Սրբազան հոր և իմ խոսակցության բովանդակությունը չբացահայտելով՝ ուզում եմ ասել միայն, որ ամեն ինչ դեռ առջևում է, իսկ մեր պայքարը՝ անկասելի։

Լավ մնացեք, և ազատություն բոլոր քաղբանտարկյալներին։

Վճռականությո՛ւն, անձնազոհությո՛ւն, հաղթանա՛կ։

Հացադուլավոր քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյան

Հացադուլի 7-րդ օր

Ապօրինի կալանքի 63-րդ օր

«Արմավիր» ՔԿՀ, N6 պատժախուց

15.01.2026թ.»։