Ոչ թե ՀՀ-ն է գումարներ փնտրում, այլ գումարներն են ՀՀ-ին փնտրում. Փաշինյան
Իմ դիրքորոշումն է, որ ուրիշ բաժնետերեր չպետք է լինեն ԹՐԻՓՓ-ի մեջ: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխանցում է Լուրերը:
«Բայց ԹՐԻՓՓ-ը ինքը գնում-կպնում է ուրիշ ենթակառուցվածքների: Այնպես չէ, որ Հայաստանի և աշխարհի բոլոր ճանապարհներն ու երկաթուղիները ԹՐԻՓՓ-ի մաս են, և մյուսները խոսում ենք Տրանսկասպյան երկաթուղու մասին. այդտեղ բազմաթիվ երկաթուղիներ կան, գազամուղներ, նավթամուղներ, էլոկտրաէներգիայի արտահանում կա, արտադրություն կա, այդ բոլոր ենթակառուցվածքներում ամենատարբեր ներդրողներ կարող են մասնակցել: Ռուսաստանի պարագայում այս փուլում խնդրում ենք մեր ռուսաստանցի գործընկերներին, որպեսզի հրատապության կարգով Ախուրիկի հատվածը, Երասխի հատվածը վերականգնեն, և նաև Իջևանի երկաթուղային ենթակառուցվածքը վերականգնվի: Խնդրում եմ արձանագրել, որ ԹՐԻՓՓ-ը ներդրումային ծրագիր է, շատ կարևոր, առանցքային, բայց ներդրումային ծրագիր է ՀՀ և ԱՄՆ-ի, բայց շատ շահառուներ հնարավորություն ունեն օգտվելու ծրագրից և մասնակցելու այդ ծրագրի իրականացման արդյունքում առաջացող հնարավորություննների օգտագործմանն ամենատարբեր ոլորտներում»,- նշեց վարչապետը:
Ինչ վերաբերում է ներդրումներին, ապա Փաշինյանն ասաց. «Այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ ոչ թե ՀՀ-ն է գումարներ փնտրում, այլ գումարներն են ՀՀ-ին փնտրում: Սա ամենամեծ տնտեսական նորությունն է: Դրա ամենամեծ վկայությունը նախորդ օրը Հայաստանի պետական կարճաժամկետ պարտատոմսերի վաճառքի վիճակագրությունն է, երբ որ պահանջարկը 3 անգամ գերազանցել է առաջարկը, և տոկոսները նվազել են, և Հայաստանի ծախսը նվազել է, Հայաստանի համար գործարքների շահութաբերությունն ավելացել է: Այստեղ կարևոր առանձնահատկություն կա, որ ներդրողների մի հսկայական մասը արտաքին ինստիտուցիոնալ ներդրողներն են՝ միջազգային ներդրումայն ընկերություններից: Սա նշանակում է, որ օգոստոսի 8-ից մինչև հիմա Հայաստանի ներդրումային գրավչությունը շատ էականորեն աճել է, ովքեր ուզում են դա տեսնել, կտեսնեն»:
