Հայաստանի և Ադրբեջանաի միջև ռազմական արտադրանքի առևտրից բացի այլ ոլորտներում առևտուր հնարավոր է. Բայրամով
Մի քանի օր առաջ իրականացվել է ադրբեջանական նավթամթերքների ուղարկում Հայաստան: Այս մասին տարվա արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
Բայրամովը նշել է, որ անկախացումից հետո նման բան տեղի չի ունեցել Ադրբեջանի և Հայաստանի միջև. «Այնպես որ, հիմա մենք զրոյից ինչ-որ բան ենք ստեղծում։ Հայաստանի կողմի դիմումը վերաբերում էր նավթամթերքին, և ադրբեջանական կողմը դա ընդունել է»:
Բայրամովը Ադրբեջանի և Հայաստանի միջև առևտուրը հնարավոր է համարում նաև այլ ոլորտներում: «Խոսքը չի կարող լինել երկու երկրների միջև ռազմական արտադրանքի առևտրի մասին, բայց այլ ոլորտներում առևտուրը հնարավոր է։ Այդ գործընթացները կարող են տեղի ունենալ մեր ակնկալիքներին համապատասխան»:
«Վրաստանի տարածքով Հայաստան ադրբեջանական նավթամթերքի արտահանման համար Թբիլիսիի առաջարկած նախնական սակագինը նպատակահարմար չէր: Վրացական կողմի առաջարկած սակագինը շատ բարձր էր։ Դա հարցեր է առաջացրել ադրբեջանական կողմի մոտ, քանի որ առաջարկը չի համապատասխանել գոյություն ունեցող պրակտիկային։
Վրաստանի ղեկավարությունը խնդրի մասին իմանալուն պես միջամտեց, և իրավիճակը փոխվեց, սակագների հարցը լուծվեց, սակագները համաձայնեցվում են ընկերությունների միջև՝ շուկայական պայմաններին համապատասխան»,-ասել է նա:
