Հարկային, պետական եկամուտների հավաքագրման համակարգը ցանկացած պետության հենասյուներից մեկն է․ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պետական եկամուտների կոմիտե՝ հանդիպել գերատեսչության ղեկավար կազմին և աշխատակիցներին։ Վարչապետը ողջունել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանին և ներկաներին, շնորհակալություն հայտնել կատարված աշխատանքի, մասնավորապես՝ պետական բյուջեի եկամտային մասի ապահովման ուղղությամբ գործադրված ջանքերի և արձանագրված արդյունքի համար։
Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ հարկային համակարգը և պետական եկամուտներն այն ինստիտուտներից են, որոնք մեզանում թերագնահատված են։ «Բայց վարչապետի պաշտոնում առավել ևս հասկանում ես, որ պետական բյուջեի եկամուտները և հարկային համակարգն առաջնային են, որովհետև առանց բյուջեի չկա պետություն։ Կարծում եմ, որ առանց հարկային համակարգի պետության գոյության անհնարինությունը մեզանում բավարար չափով գիտակցված չէ, և հարկային, պետական եկամուտների հավաքագրման համակարգը ցանկացած պետության հենասյուներից մեկն է»,- ասել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ երկրի անվտանգության ապահովումը, կրթության, առողջապահության ոլորտների զարգացումը, ճանապարհների կառուցումը՝ այս ամեն ինչը կախված է նրանից, թե ինչքան եկամուտ ունի պետական բյուջեն և ինչքանով է ծախս գեներացնում։ Վարչապետը պետական բյուջեի եկամուտների ծախսի որպես վառ օրինակ ընդգծել է Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը, որի մեկնարկը տրվելու է 2026 թվականից։ «Կարծում եմ, բացի այն, որ մենք երևացող շերտերին ենք անդրադառնում՝ ՀԴՄ, հարկեր, օրենք, օրինականություն, պետք է այս խորքային շերտերին էլ անդրադառնանք, որպեսզի մարդիկ այս ըմբռնումն ունենան։ Այսօր Հայաստանում տասնյակ հազարավոր մարդիկ՝ 50-60 հազար ընտանիք, բնակարան է ձեռք բերում նորակառույց շենքերում։ Եվ դա, ըստ էության, մի մեծ մասով տեղի է ունենում պետական բյուջեի եկամուտների հաշվին, որովհետև պետական բյուջեից եկամտային հարկի վերադարձ է տեղի ունենում և այլն»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը հարկերի հավաքագրումը նաև պետության գործունակության շատ կարևոր մի ցուցիչ է համարել․ «Եթե այստեղ շոշափելի և էական պրոբլեմներ կան, դա արդեն ինքնին ազդակ է, թե ինչքանով է տվյալ պետությունը գործունակ։ Եվ ՊԵԿ-ի եկամուտների հավաքագրման բարձր ցուցանիշները պետության գործունակության շատ կարևոր ցուցիչ են։ Իհարկե, այստեղ էլ կրկին չեմ մոռանում շնորհակալություն հայտնել՝ Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող և օրենքով սահմանված հարկերը վճարող բոլոր քաղաքացիներին։ Դա էլ գիտակցական ճամփորդություն է, որ գալիս հանգում ենք նաև, որ այս պրոցեսների մեջ ՀԴՄ կտրոն տրամադրող կամ պահանջող քաղաքացիները նույնպես շատ էական դերակատարում ունեն։ Այստեղ էլ հայեցակարգային հարցեր կան, որ բոլորս դեռևս բավարար խորությամբ չենք գիտակցում»։
Այդ համատեքստում, Նիկոլ Փաշինյանը չափազանց կարևորել է ՀԴՄ կտրոնի տրամադրումը և կոչ արել մարդկանց պահանջել այն՝ դրանով իսկ նպաստելով երկրում շատ հարցերի լուծմանը։
Վարչապետն անդրադարձել է երկրի տնտեսությանը և նշել, որ թեև 2018-ի հեղափոխությունից հետո այն 50%-ով աճել է, բայց դեռ հարկային գործառույթների բարելավման, մասնավորապես ստվերի կրճատման ուղղությամբ անելիքներ շատ կան։ Երկրի ղեկավարի խոսքով՝ ՊԵԿ-ը ոչ թե ուժային կառույց է, այլ մի կառույց, որն աջակցում է տնտեսվարողին, որպեսզի վերջինս իր գործերը ճիշտ կազմակերպի։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև դրոշմավորման նոր համակարգին և ընդգծել, որ դրա նպատակն ապրանքի հետագծելիություն ապահովելն է։ Վարչապետի դիտարկմամբ՝ Պետական եկամուտների կոմիտեի նկատմամբ վստահությունը պետք է մեծացնել այսպիսի մեթոդներով, բարեփոխումներով․ «Ընդհանուր առմամբ, հենց այս փափուկ գործիքները, որ մենք կիրառենք, հնարավորություն է տալու Պետական եկամուտների կոմիտեի աշխատանքի իմաստն ու բովանդակությունը կերպափոխել, որ մի իքս պահի, ես հավատում եմ, ՊԵԿ-ը դառնալու է տնտեսվարողների ամենասիրելի պետական մարմինը, որն իրենց անընդհատ աջակցում է, որ իրենք ճիշտ ճանապարհներով շարժվեն առաջ և ճիշտ արձանագրումներ անեն»։
Երկրի ղեկավարն ընդգծել է ՊԵԿ-ի աշխատանքը «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում, քանի որ գործունեության մեծ դաշտ է բացվելու։ «Այդ դաշտը կապված է TRIPP ուղի նախագծի իրագործման գործնական փուլի հետ։ Մենք 2026 թվին գործնական փուլ ենք մտնելու, բայց այս առիթը, ինչպես ասել եմ, օգտագործելու ենք մեր բոլոր մաքսային կետերում տեխնիկական և բովանդակային հագեցվածության բոլորովին նոր մակարդակի հասնելու համար։ Սա մեզ համար մարտահրավեր է, բայց մյուս կողմից էլ շատ մեծ հնարավորություն է, որովհետև մենք այսօր, 2025 թվականի օգոստոսի 8-ի համաձայնությունների բերումով, ժամանակակից բոլոր տեխնոլոգիաներին հասանելիության հնարավորություն ունենք, և այդ տեխնոլոգիաները մեզ օգնելու են, որպեսզի ավելի որակով իրականացնենք մեր աշխատանքը։ Ընդ որում՝ մենք զարգացումներ սպասում ենք ոչ միայն Հայաստան-Ադրբեջան սահմանին, մենք զարգացումներ սպասում ենք Հայաստան-Թուրքիա սահմանին»,-ասել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանում պետք է արդեն տնտեսական լոգիստիկ նոր կարողություններ ձևավորվեն կազմակերպչական իմաստով։ Այս ամենը, ըստ վարչապետի, մեր տնտեսության դիվերսիֆիկացիայի նոր հնարավորություններ է բացում։
Ամփոփելով՝ վարչապետը կրկին շնորհակալություն է հայտնել ներկաներին կատարած աշխատանքի համար․ «Շատ կարևոր եմ համարում հայեցակարգի բովանդակային հատվածը, որովհետև մենք ավելի ու ավելի շատ պետք է կարևորություն տանք հայեցակարգերին։ Որևէ բան կարող է որակյալ տեղի ունենալ, եթե իր հիմքում ինչ-որ տեքստ, բովանդակություն է դրված, որն ուղենիշ է ծառայում բոլորի համար, և այդ տեքստը հրապարակային է, և բոլորը գիտեն ինչ է արվում, ինչի համար, որն է նպատակը, պատճառահետևանքային կապերը։ Եվ այդ առումով կարևոր եմ համարում, որ մենք հասել ենք այս կետին, որ գրեթե ամեն օր այս թեմաներով խոսում ենք։ Պետք է ի վերջո գիտակցվի, որ Հայաստանի Հանրապետությունում իրոք չկա ոչ մի ընտանիք, որ իր կարիքների համար ավելի շատ գումար է ծախսում, քան Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն։ Պետական բյուջեն է Հայաստանի Հանրապետության ցանկացած ընտանիքի բարեկեցության թիվ մեկ աղբյուրը, և իմ համոզմունքը նաև այն է, և դա գնալով ավելի է հիմնավորվում, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր ընտանիքի և մարդու բարեկեցությունն առաջին հերթին կախված չէ նրանից, թե ինքն ինչքան է ծախսում իր բարեկեցությունն ապահովելու համար, առաջին հերթին կախված է նրանից, թե պետական և համայնքային բյուջեներն ինչքան են ծախսում իր բարեկեցությունն ապահովելու համար»։
Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ-ի մի խումբ աշխատակիցների հանձնել է պարգևներ՝ ծառայողական պարտականությունները բարձր մակարդակով կատարելու համար։
