«Վերածնունդ» թաղամասը՝ ճգնաժամի առջև «Իննովա մենեջմենթի» դատական գործի պատճառով
Մոնթե Մելքոնյան հասցեում կառուցված, 7 շենքերից բաղկացած թաղամասի նախկին կառավարիչ «Իննովա մենեջմենթը» դատի է տվել թաղամասի համատիրությանը: Պահանջում է մոտ 13 միլիոն դրամ վճարել, իր ձևակերպմամբ, կատարած աշխատանքների համար: Սակայն «Վերածնունդի» համատիրությունը հրաժարվում է վճարել արդեն նախկին կառավարչին, պնդելով, որ Իննովան չի վաստակել այդ գումարը:
Ամռանն էր «Իննովա մենեջմենթը» տեղեկացրել, որ պատրաստվում է դադարեցնել համագործակցությունը թաղամասի հետ և դրանից հետո՝ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին թաղամասը վերածել էր աղբանոցի, կրճատել էր մաքրող աշխատակազմին, ինչի հետևանքով ամենօրյա մաքրություն գրեթե չէր կատարվում: Սա հարուցել էր բնակիչների դժգոհությունը, ինչից հետո էլ համատիրությունը որոշել էր «Իննովա մենեջմենթին» չվճարել: Այս բողոքների հետ «Իննովան» համաձայն չէ, պնդում է, թե կատարել է իր պարտավորությունները: Այժմ քաղաքացիական դատարանն է քննում այս գործը: Դատավոր Դանիել Մխեյանը բավարարել է նախկին կառավարչի խնդրանքն ու արգելանքի տակ դրել համատիրության հաշիվը, ինչի հետևանքով թաղամասը կանգնել է մեկ այլ խնդրի առջև: Համատիրությունը չի կարողանում տնօրինել իր սեփական գումարն ու վճարել նոր կառավարչին մաքրության, վերելակների անխափան սպասարկման, էլեկտրականության և թաղամասի բնականոն գործունեությունն ապահովող մյուս աշխատանքների համար: Դատավարությունը կարող է ձգվել ամիսներ, ընդհուպ՝ տարի, ինչի դեպքում կտուժեն թաղամասն ու մոտ 3000 բնակիչները:
