Արդարացում չէ, բայց մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցումն իրոք բարդ պրոցես է. Ավինյան

mixcollage-23-dec-2025-02-01-pm-5226-1766484107530-770x_

Աջափնյակի մետրոյի նախագիծը մեր նորանկախ պատմության ամենաբարդ նախագծերից մեկն է, որի պարզ փորձաքննությունը տևել է 1 տարի և ավելի: Քանի որ առաջին անգամ ենք իրականացնում նման մաշտաբի նախագիծ, ենթադրվում է, որ կարող է ժամանակ տևել: Սա շատ բարդ աշխատանք է, 2026 թվականին բյուջեից 2 միլիարդն էլ նախատեսել ենք ինժեներ տեղխհսկողի մրցույթի համար, ով պետք է շատ որակով ու նմանատիպ աշխատանք կատարած մասնագետ լինի: Ավելի լավ է ժամանակ ծախսենք, բայց պատրաստված լինենք: Այս մասին այսօր՝ ավագանու նիստի ժամանակ ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու մետրոպոլիտենի կառուցման աշխատանքները չեն սկսվում:

Ի պատասխան «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանի մյուս հարցին, թե ինչո՞ւ է Աջափնյակի մետրոյի կայարանի աշխատանքներին ուղղված 9.6 միլիարդը դարձել 1.4 միլիարդ, և որտե՞ղ է օգտագործվել մնացորդ գումարը, Ավինյանը պատասխանեց, որ գումարների մի մասն ուղղվել է 45 տրոլեյբուսների գնման համար:

«Քանի որ դրանք տրանսպորտային ոլորտի զարգացման համար գումարներ էին, կարելի է ասել գնացել է ոլորտային նույն ուղղության առաջխաղացման համար»,- եզրափակել է նա:

Արձագանքելով Ավինյանի պատասխաններին՝ Աննա Ավետիսյանը կարծիք հայտնեց, որ պլանավորման խնդիր է տեսնում, քանի որ կարելի էր այդ գումարը ի սկզբանե տրամադրել տրանսպորտին: