Լեմկինի ինստիտուտը Թրամփին կոչ է արել օգնել, որ Բաքվում պահվող հայերն ազատ արձակվեն

5697af83-142f-4a65-8084-aa0f6cd9f1cc-1766085295932-770x_

Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը բաց նամակով դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին` հորդորելով ամեն ինչ անել, որ Բաքվի բանտերում պահվող հայ գերիներն ազատ արձակվեն։ Այս մասին հայտարարություն է տարածել ինստիտուտը` շեշտելով, որ հայ պատանդները փաստացի լքված են արտաքին աշխարհի կողմից այն դեքում, երբ նրանք գտնվում են մի պետությունում, որը վերջին հինգ տարվա ընթացքում երեք ցեղասպանական պատերազմ է մղել հայերի դեմ:

«Նրանց ազատ արձակումը մեծ հումանիտար և աշխարհաքաղաքական հաղթանակ կլինի նախագահի համար և կամրապնդի Հարավային Կովկասում ու Մերձավոր Արևելքում տևական խաղաղություն հաստատելու նրա ջանքերը: Քանի որ նախագահ Թրամփը ձգտում է ցուցադրել ԱՄՆ-ի հզորությունն ամբողջ աշխարհում, Ադրբեջանից հայ քրիստոնյա պատանդներին ազատելու հաջողված փորձը կհաստատի նրա հեղինակությունը ոչ միայն Ադրբեջանի, այլև Իսրայելի և Թուրքիայի նկատմամբ. ԱՄՆ երկու դաշնակիցներ, որոնք սովորություն են դարձրել թելադրել իրենց կամքը»,– ասված է բաց նամակում։

Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հիշեցրել է, որ նախագահ Թրամփը նախընտրական արշավի ժամանակ խոստացել էր պաշտպանել հայ քրիստոնյաներին: Նկատել են, որ Հայ առաքելական եկեցու հետևորդ քրիստոնյաները Սուրբ ծնունդը նշում են հունվարի 6-ին և հորդորել են մինչ այդ ամեն ինչ անել, որ Բաքվի բանտերից հայ գերիները տուն վերադառնան։