Ստորագրվել է Հայաստան-Հունաստան երկկողմ պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը

9b5024e8-4ba5-4cb5-b8b7-d092dd95caf3-1766081290542-770x_

Դեկտեմբերի 18-ին ՊՆ վարչական համալիրում տեղի են ունեցել Հայաստան-Հունաստան հերթական երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները, որոնք վարել են ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը և Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի միջազգային հարաբերությունների տնօրինության տնօրեն, բրիգադի գեներալ Խրիստոս Սպիրոպուլոսը։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղությամբ 2025 թվականին կատարված աշխատանքները և 2026 թվականի ծրագրերը։ Կողմերը գոհունակությամբ նշել են, որ համատեղ ջանքերի շնորհիվ համագործակցությունը բարձրացել է որակական նոր մակարդակի ոչ միայն քանակական, այլև բովանդակային առումով։

Այն ներկայումս համալիր բնույթ ունի և ընդգրկում է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք նոր ուղղություններ։ Լևոն Այվազյանը ներկայացրել է ՀՀ ԶՈՒ կերպափոխման ընթացքը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի։ Խորհրդակցությունների ավարտին ստորագրվել է Հայաստան-Հունաստան երկկողմ պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը, որն ընդգրկում է մի քանի տասնյակ միջոցառումներ Հայաստանում և Հունաստանում։