Տոկիոյում անցկացված Սուրդլիմպիկ խաղերում հայ մարզիկները 4 մեդալ են նվաճել

6e30e2666a7503cd9ba689d61b51de33-1765984467570-770x_

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն ընդունել է Խուլերի հայկական սպորտային կոմիտեի ներկայացուցիչներին՝ կոմիտեի նախագահ Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ: Հայաստանի սուրդլիմպիկ հավաքականի մարզիկները նոյեմբերի 12-26-ը Ճապոնիայի Տոկիո քաղաքում մասնակցել են սուրդլիմպիկ խաղերին և 4 մեդալ նվաճել:

Հավաքականի կազմում ընդգրկված 9 մարզիկները հանդես են եկել 4 մարզաձևում՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտ, ազատ ոճի ըմբշամարտ, կարատե, ձյուդո: Կարատե մարզաձևում Հայաստանը մասնակցել է առաջին անգամ:

Արծաթե մեդալ է նվաճել հունահռոմեական ոճի ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը (87 կգ), բրոնզե մեդալներ՝ հունահռոմեական ոճի ըմբիշ Սարգիս Սարգսյանը (60 կգ), ազատ ոճի ըմբիշ Սենիկ Սերոբյանը (57 կգ) և Գագիկ Ոսկանյանը՝ կարատե մարզաձևում (67 կգ):

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Հասմիկ Ավագյանը շնորհավորել է մարզիկներին գրանցած արդյունքների կապակցությամբ և նշել.

«Շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունենք ձեզ հետ ոչ միայն քննարկելու ոլորտային ընթացիկ հարցեր, այլև շնորհակալություն հայտնելու նվաճումների համար: Ուզում եմ ընդգծել, որ ձեր աշխատանքը տեսանելի է պետության համար, և դուք առանձնահատուկ դեր ունենք Հայաստանի Հանրապետության սպորտային նվաճումների պատմության մեջ: Ձեր շնորհիվ հեռավոր Ճապոնիայում բարձրացվեց Հայաստանի դրոշը, և մրցող բազմաթիվ երկրներ ճանաչեցին մեր երկիրը»:

Մարզիկները ևս շնորհակալություն են հայտնել ընդունելության համար՝ նշելով, որ ձեռք բերած մեդալները տքնաջան աշխատանքի արդյունք են:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտի զարգացմանը, մարզիկների խրախուսմանն առնչվող մի շարք հարցեր: