Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր է ստորագրվել (տեսանյութ)
Կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին գործերի նախարար Քսավյե Բետելի հետ: Զրուցակիցները վերահաստատել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակն՝ ընդգծելով, որ այն զարգանում է փոխադարձ վստահության, ընդհանուր արժեքների և շահերի հիման վրա։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Երկուստեք ընդգծվել է, որ Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև հարաբերություններն իրենց բովանդակությամբ ռազմավարական են, ինչն իր արտահայտությունն է ստանում իրականացվող համատեղ ծրագրերում, ինչպես նաև Հայաստանի ժողովրդավարության և դիմակայության զարգացման Լյուքսեմբուրգի աջակցության մեջ: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրոպական միություն գործընկերությանը վերաբերող հարցերի:
Արարատ Միրզոյանն ու Քսավյե Բետելը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության միջև ռազմավարական գործընկերության մասին» համատեղ հռչակագիրը:
