Եվրոպան կստեղծի հանձնաժողով՝ Ուկրաինայում մարտակшն գործողությունների հետևանքով պատճառված վնասը գնահատելու համար
Եվրոպան ստեղծում է միջազգային հանձնաժողով՝ Ուկրաինայում մարտական գործողությունների հետևանքով պատճառված վնասը գնահատելու համար, հաղորդում է Reuters-ը։
Ըստ գործակալության՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և եվրոպացի առաջնորդները դեկտեմբերի 16-ին Հաագայում հանդիպման ժամանակ կքննարկեն Կիևին հարյուր միլիարդավոր դոլարների վնասը փոխհատուցելու համար Միջազգային պահանջների հանձնաժողով ստեղծելու հարցը։
Նշվում է, որ վերջին երկու տարիների ընթացքում վնասների գրանցամատյանը ստացել է ավելի քան 80,000 դիմում, որոնք ներկայացվել են Ուկրաինայի անհատների, կազմակերպությունների և պետական մարմինների կողմից: Տասնյակ երկրներ արդեն իսկ իրենց աջակցությունն են հայտնել հանձնաժողովին, որը, հավանաբար, կգտնվի Հաագայում:
50-ից ավելի պետություններ և Եվրամիությունը մշակել են հանձնաժողովի ստեղծման մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիա: Այն ուժի մեջ կմտնի 25 ստորագրող կողմերի կողմից վավերացումից հետո՝ բավարար ֆինանսավորման դեպքում: Քննարկումներին ծանոթ աղբյուրի համաձայն՝ 35 երկիր հայտարարել է, որ կոնվենցիան կստորագրվի հանդիպման ժամանակ:
