Առաջին անգամ եմ լսում, որ ՀՀ-ն մերժում է ԼՂ-ից տեղահանվածներին տալ անձնագիր. փոխնախարարը՝ Թունյանին
Առաջին անգամ եմ լսում, որ քաղաքացիության համար դիմած քաղաքացիներին մերժեն: Այս մասին Ազգային Ժողովի արտահերթ նիստում ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի այն հարցադրմանը, որ վերջին շրջանում լուրեր են տարածվում, որ Հայաստանի Հանրապետությունը մերժում է ԼՂ-ից բռնի տեղահնաված քաղաքացիներին ՀՀ քաղաքացիություն տրամադրել:
Թունյանը խնդրել է նաև, որ փոխնախարարը ներկայացնի տվյալներ, թե քաղաքացիության համար դիմած քաղաքացիներից քանիսն են ստացել, և քանիսը մերժվել:
«Տեղահանված հայրենակիցներից քաղաքացիություն են ստացել 26,233 անձ, որից 19,919-ը չափահաս են, իսկ 8,314-ը՝ անչափահաս: Քաղաքացիության համար դիմած և մշակման փուլում գտնվողների թիվը կազմում է 6,696 անձ»,-պատասխանել է Խաչատրյանը:
«Մենք գրեթե ամեն օրյա ռեժիմով տեղահանված հայրենակիցների հետ շփման մեջ ենք ու նման ահազանգ չենք լսել, բայց քանի-որ քաղաքացիության հարցով զբաղվում է ներքին գործերի նախարարության միգրացիոն և քաղաքացիության հարցերի ծառայությունը, իրենց հետ կքննարկենք հարցը»,- եզրափակել է փոխնախարարը:
