TRIPP-ի համատեքստում ՆԱՏՕ-ի ներկայության մասին խոսելը նպատակահարմար չէ. այն երկկողմ նախագիծ է, որում անվտանգային բաղադրիչ չկա. Խանդանյան

sargis-khandanyan-1765875300461-770x_

TRIPP-ը շարունակում է մնալ ենթակառուցվածքային նախագիծ, որոշ առումով բիզնես-նախագիծ: Այն հայ-ամերիկյան երկկողմ նախագիծ է, որում որևէ անվտանգային բաղադրիչ չկա: Այս մասին ճեպազրույցում ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ պատասխանելով Իրանի կողմից հնչող անհանգստություններին վերաբերող հարցին:

«Նախագծի նպատակը Հայաստանում ենթակառուցվածքների զարգացումն է, նաև տարածաշրջանային ապաշրջափակման համատեքստում:

Իրանի մեր գործընկերների հետ միշտ տարբեր մակարդակներում հաղորդակցություն կա: Ավելի վաղ շրջանում, երբ նախագիծը նոր էր ներկայացվել, Իրանի արտգործնախարարը և այլ պաշտոնյաներ հանդես եկան հայտարարություններով, ասելով, որ իրենց անհանգստությունները փարատված են»,-նշել է նա:

Խանդանյանը հավելել է, որ նախագծում չի կարող լինել ՆԱՏՕ-ի ներկայությունը, որովհետև Հայաստանը որևէ հավակնություն չունի ՆԱՏՕ-ին անդամակցելու, Հայաստանն ունի որոշակի համագործակցության շրջանակ, որը չի ենթադրում որևէ կերպ ՆԱՏՕ-ի ֆիզիկական ներկայությունը ՀՀ-ում:

«TRIPP-ի համատեքստում դրա մասին խոսելը կարծում եմ նպատակահարմար չէ, որովհետև այն, նորից եմ կրկնում, ընդամենը ենթակառուցվածքային նախագիծ է»,-ասել է նա: