ՀԾՖ-ն կոչ է անում զերծ մնալ ծանրորդների անունները քաղաքական շահարկումների առիթ դարձնելուց

HxX8dSiiRX8fUNotkuwpevE8QoJngJmxxXSkpMRW

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան հանդես է եկել հայտարարությամբ։

«Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան կոչ է անում զերծ մնալ ծանրորդների`ազգային հավաքականի անդամների անուններն այս կամ այն քաղաքական շահարկումների առիթ դարձնելուց:

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան, բարձր գնահատելով մեր մարզիկների ու մարզիչների` տարիներով կառուցած հեղինակությունը, պարտավոր է արձագանքել Գյումրու քաղաքապետարանի վերջին հրապարակմանը:

Ֆեդերացիան պաշտոնապես հայտարարում է, որ մեր մարզիկների, մարզիչների ու սպորտային գործիչների անունների օգտագործումը՝ որևէ քրեաիրավական գործընթացում ներգրավված անձի պաշտպանությունն ապահովելու նպատակով՝ լիովին անընդունելի է և վնասում է հայկական սպորտի հեղինակությանը։

Այսպիսի գործողությունները կարող են ստեղծել կեղծ տպավորություն, թե մարզական համայնքը ներգրավված է կամ ներգրավվում է որոշակի անձանց անձնական կամ իրավական խնդիրների լուծման մեջ, ինչը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան կոչ է անում դադարեցնել ծանրորդների ու մարզիչների անունների որևէ ձևով օգտագործումը քաղաքական, անձնական կամ քրեաիրավական նպատակներով»,- նշվում է հայտարարությունում։

Հիշեցնենք, որ ՀԾՖ նախագահը ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարն է։

Ավելի վաղ Գյումրու քաղաքապետարանը հանդես էր եկել հայտարարությամբ։