ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել չգերագնահատել Ռումինիայում ԱՄՆ զnրախումբը կրճատելու վերաբերյալ որոշումը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն անդրադառնալով Ռումինիայում իր զորախումբը կրճատելու ԱՄՆ որոշումը՝ հիշեցրել է, որ ամերիկացիները դեռևս զգալի ներկայություն են պահպանում Եվրոպայում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտարարել է Բուխարեստում կայացած մամուլի ասուլիսում։
«Իրականում կարծում եմ, որ չափազանց մեծ նշանակություն ենք տալիս դրան։ ԱՄՆ-ն մեծ ներկայություն ունի Եվրոպայում, և նրանք պահպանում են այն»,- նշել է Ռյուտեն:
Նա ընդգծել է, որ եվրոպական երկրներում ԱՄՆ զորախմբի թիվը պարբերաբար փոխվում է, իսկ Միացյալ Նահանգները միշտ ձգտում է լավագույնս օգտագործել Եվրոպայում իր ունեցած ռեսուրսները՝ օգնելով ՆԱՏՕ-ին պաշտպանել տարածքի յուրաքանչյուր դյույմը։
Դաշինքի գլխավոր քարտուղարը հավելել է, որ անհրաժեշտության դեպքում միշտ կարող են մեծացնել համատեղ հնարավորությունները ցանկացած վայրում, այդ թվում՝ Ռումինիայում:
Անցյալ շաբաթ Ռումինիայի պաշտպանության նախարար Յոնուց Մոշտեանուն հայտնել էր, որ ամերիկացիները տեղեկացրել են իրենց ռազմական ներկայությունը կրճատելու որոշման մասին։ Նա նշել է, որ Ռումինիայում տեղակայված ամերիկյան զորքերի թիվը, որը տարբեր ժամանակներում կազմել է 1200-1600 մարդ, կկրճատվի մի քանի հարյուր զինվորականով։
Նախարարը հայտնել է, որ փոփոխություններն առնչվելու են նաև Բուլղարիայում, Սլովակիայում և Հունգարիայում գտնվող զորախմբերին:
