Ժամանակը չէ՞ մի հարթակ ստեղծել, որ գործուղում գնալ-գալուց հետո բացատրվի՝ արդյունքում ՀՀ-ն ինչ շահեց. Խաչատուր Սուքիասյանը՝ ԱԳ նախարարին
Ուզում եմ իմ գոհունակությունը հայտնել վերջին 2-3 տարվա աշխատանքի համար, որովհետև Դուք ընդլայնեցիք դիվանագիտական, քաղաքական, ռազամավարական գործընկերության աշխարհագրությունը: Մեր բոլորի նպատակը պետք է լինի Հայաստանի հզորացումը՝ ունենալ կոոպերացիաներ, տնտեսական հարաբերություններ, որ հզորանանք, ավելի կարևորվենք և ավելի մեզ հարգեն: Դիվանագիտական, քաղաքական մասով շատ շնորհակալ ենք, բայց ենթադրում ենք, որ դրանից բխում է նաև տնտեսականը, հիմա մեզ պետք է մի հարթակ, որ մենք կարողանանք այդ տնտեսականը, ինչքանով որ կարող ենք մարսել, կարողանանք իրացնել: ԱԺ-ում 2026 թ. պետական բյուջեի նախնական քննարկման այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ դիմելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին:
«Շատ գործողումների ենք ուղարկում մեր դիվանագիտական գերատեսչությունից, այլ գերատեսչություններից, արդյո՞ք արդեն ժամանակը չի մի հարթակ ստեղծել, ոնց կուզեք դա անվանեք, որ ցանկացած գործուղում գնալ-գալուց հետո բացատրվի այդ գործուղման արդյունքում ՀՀ-ն ինչ շահեց կամ ինչ է շահելու, ինչ հարաբերություններ, նոր կոնտակնտեր ստեղծվեց»,- ասաց նա:
Սուքիասյանն ընդգծեց, որ հարաբերությունների ակտիվացումը նպաստեց, որ ինչ-որ տնտեսական էլեմենտերին սկսեցին երևալ, երկրները սկսեցին ավելի ուշադիր լինել ՀՀ-ի նկատմամբ, այցելել ՀՀ.«Դժվար ժամանականերն անցան, հարաբերությունները ստեղծվեց, դրանց կարգը, որակը փոխվեց: Մեզ հիմա հարթակ է պետք, որ այդ ծախսերը՝ 19 միլիարդ որ արվում է, հարյուրավոր անգամ ավելի շատ մեր դիվանագիտության, քաղաքականության արդյունքում սկսի ուժեղացնել ՀՀ-ն»,- ասաց Սուքիասյանը՝ խնդրելով Միրզոյանին այս մասով իր տեսլականը ներկայացնել:
Շնորհակալություն հայտնելով հնչած գնահատականների համար, Միրզոյանը նշեց. «Ինչ վերաբերում է գործուղումներին շատ ողջունում եմ Ձեր մտքերի ընթացքը, մենք շատ կուզեինք, չէի ուզեի ասել հաշվետվություններ, բայց գրառումներ մեր հատկապես ԱԺ տարբեր գործընկերների գործուղումներից հետո՝ ուղղված ԱԳՆ-ին, թե ինչպես այս կամ այն հանդիպումը անցավ: Բայց քանի որ մենք ենք հաշվետու ձեր առաջ՝ որպես խորհդրարանի՝ ես կարող եմ միայն խնդրել և առաջարկել դա, այդ պրակտիկան երբեմն արվում է, երբեմն՝ չէ, երբեմն կարելի է ավելի լայն ուշադրություն դարձնել»:
Խաչատուր Սուքիասյանն էլ արձագանքեց. «Դա պետք է վերլուծվի և գնահատվի. այս կամ գերատեսչությունը իքս ծախս է կատարել՝ դրա արդյունքում ՀՀ-ն այսօր, վաղը ի՞նչ շահ է ունենալու: Հայաստանն ակտիվացել է և՛ տարածաշրջանում, և՛ դրանից դուրս, պետք է ստեղծել այդ հարթակը, որ մեր գործողություններն ավելի ռացիոնալ տանենք առաջ»:
