Իշխանությունն իր զեկույցով իր հետքի վրա է դուրս եկել․ Աբրահամյանը՝ 44-օրյայի զեկույցի մասին

screenshot-2-1761052950408-770x_

Երեք տարի շարունակ իշխանությունը հնարավոր բոլոր ամբիոններից հայտարարում էր, որ ԱԺ-ում ստեղծել է «44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով» և բոլոր հարցերի պատասխանը տրվելու է՝ տարածքային ու մարդկային կորուստներից մինչև դիվանագիտական տապալումներ: Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Բացի այն հանգամանքը, որ իշխանությունը միտումնավոր հետևողականություն չդրսևորեց և զեկույցը սահմանված ժամկետներում չնախապատրաստվեց, և ըստ այդմ ԱԺ լիագումար նիստ չմտավ, այդ փաստաթղթին ծանոթությունն էլ ցույց է տալիս, որ մեղադրանքների, վիրավորանքների, վտանգների այն փայաբաժինը, որը տարբեր ուղղություններով ցրվում էր իշխանության կողմից, կամ զեկույցում տեղ չեն գտել, կամ զեկույցում դրանց շատ հպանցիկ ու վերապահումով է անդրադարձ կատարվել»,-նշել է նա:

Աբրահամյանն ասել է, որ զեկույցում ներկայացված պատասխանատուները, որոնց տարբեր բնույթի ծանր մեղադրանքներ են վերագրվում, բոլորը նշանակվել են գործող իշխանության կողմից:

«Զեկույցի ներածական, որոշակի առումով նաև եզրափակիչ մասի գեղարվեստական հատվածին չեմ անդրադառնա: Դա այն նույն մարդու բառապաշարն է, որն արտահայտվում է տարբեր հարթակներում, նաև այս ամբիոնից, որի տակ, որպես կանոն, փաստեր չկան: Սակայն, նույնիսկ մեծամասշտաբ խեղաթյուրումները հնարավորություն չեն տվել իշխանությանը թաքցնելու ողբերգական պատերազմի իրական պատասխանատուներին, իսկ ավելի կոնկրետ՝ բուրգի գլխին կանգնած Փաշինյանին»,-նշել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը:

Նա հավելել է, որ գործող իշխանության պարագայում զարմանալի բան այլևս չի մնացել: Նախկինում իրենց իսկ հռչակած հերոսները այժմ որպես հանցագործ են ներկայացվում, իսկ նախկինում իրենց կողմից զրպարտվածները հերոսացվում են:

«Հայտնի խոսք կա, որը մեր օրերում շատ հատկանշական է հնչում. գլխավորը՝ նախաքննության ընթացքում ինքներդ ձեր վրա դուրս չգաք: Ինչո՞ւ հիշեցի այս թևավոր դարձած խոսքը, որովհետև տարբեր հակասական, անհիմն, զրպարտիչ ձևակերպումները մի կողմ դրած, իշխանությունն իր զեկույցով իր հետքի վրա է դուրս եկել»,-նշել է Տիգրան Աբրահամյանը: