Մեր հանրահաշվի ուսուցչուհին ասում էր՝ ձայն ես լսել, բայց չգիտես՝ որտեղից է. Հայաստանում շատ խնդիրներ չեն լուծվում, որովհետև չգիտենք լուծումը. Փաշինյան
Մենք Էստոնիայից փորձագետ ենք հրավիրել, որպեսզի պետական մարմինների աշխատողների համար ներկայացնի էստոնական թվայնացման կոնցեպտը: Մեծ դահլիճում պետական բոլոր մարմինների ներկայացուցիչները հրավիրված են լինելու: Էստոնիա կատարած այցի ընթացքում, այնտեղ նախնական պայմանավորվածություն ունենալով եմ այդ հանձնարարականը տվել: Այս մասին Կառավարության նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եթե մենք նայենք, թե վերջին 15 տարում ինչքան գումար ենք ծախսել թվայնացման վրա, կամ ընդհանրապես: Մեզ երկար ժամանակ պահանջվեց հասկանալու, որ կայք ունենալը դեռևս թվայնացում չի, կամ փաստաթուղթն ինտերնետում դնելը դեռևս թվայնացում չի, և այսպիսի բազմաթիվ բաներ»,-նշել է նա:
Փաշինյանը հավելել է, որ խոստովանության կարիք կա: Պետք է խոստովանենք, որ շատ հարցեր հռչակում ենք և չենք կարողանում լուծել: Դա, ըստ նրա, կապված է գիտելիքի բացակայության հետ:
«Այսինքն՝ գիտելիք չունենք և մասնագետների պակաս ունենք: Մարդկային ռեսուրսի պակասի խնդիր ունենք ու սրա մասին ընդունված չէ խոսել: Մենք, մինչև չառերեսվենք սրան, չի ստացվելու մեր մոտ ոչ մի բան: Մենք չենք խոստովանում, որ Հայաստանում շատ խնդիրներ չեն լուծվում, որովհետև մենք չգիտենք խնդիրների լուծումը։ Ավելին, մենք շատ դեպքերում չգիտենք խնդրի պարամետրը, խնդիրը գիտենք: Մեր հանրահաշվի ուսուցչուհին ասում էր՝ ձայն ես լսել, բայց չգիտես՝ որտեղից է»,-հավելել է վարչապետը:
