Իրանն ու Թուրքմենստանն էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համագործակցության ամրապնդման անհրաժեշտություն են տեսնում
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի և Թուրքմենստանի ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում կողմերն ընդգծել են քաղաքական, տնտեսական, գիտական և մշակութային ոլորտներում համապարփակ հարաբերություններ զարգացնելու իրենց ընդհանուր կամքը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը՝ մանրամասներ ներկայացնելով երկու նախարարների հեռախոսազրույցից։
«Զրույցի ընթացքում արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և նրա թուրքմեն գործընկեր Ռաշիդ Մերեդովը քննարկել են երկկողմ համագործակցության վերջին վիճակը։ Երկու նախարարներն ընդգծել են քաղաքական, տնտեսական, գիտական և մշակութային ոլորտներում համապարփակ հարաբերություններ զարգացնելու իրենց ընդհանուր կամքը»,-նշել է իրանական լրատվականը։
Հաղորդվում է, որ կողմերը նաև ընդգծել են խորհրդակցությունների և համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը, մասնավորապես, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում։
