ՀՀ-ի համար բացվում են այն ճանապարհները, որոնք անցնելու են Ադրբեջանով, ուրախալի է՝ մոտենում ենք խաղաղության. Խուդաթյան
Հայաստանը ստանում է ապաշրջափակված ճանապարհներ, մեր տարածքային ամբողջականության, սուվերենության, ինքնիշխանության պահպանմամբ, որը կարծում եմ՝ շատ կարևոր է մեր պետության զարգացման տեսանկյունից։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ պատասխանելով այն հարցին, թե Սպիտակ տանը նախաստորագրված համաձայնագիրն ինչ է տալիս Հայաստանին:
Նա նշել է, որ «Խաղաղության պայմանագրի» նախաստորագրումը շատ մեծ քայլով մոտեցնում է դեպի խաղաղությանը, որը, ըստ Խուդաթյանի, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար սպասված, ուրախալի և կարևոր իրադարձություն է:
«Պիտի ասեմ, որ նախկինում այսպիսի մեկնաբանություններ էլի են հնչել «Խաղաղության պայմանագրի» տեքստի մասով, երբ որ այդպիսի չարագուշակ մեկնաբանություններ էին արվում: Տեքստի՝ ընդամենը օրեր առաջ հրապարակումից հետո պարզվեց, որ այնտեղ Հայաստանի Հանրապետության համար ոչ մի սարսափելի, ոչ մի ողբերգական և ոչ մի չարագուշակ բան չկար», – նշել է ՏԿԵ նախարարը, հավելելով՝ մենք սովոր ենք, որ հիմա էլ այս փաստաթղթի հետ կապված այդպիսի մեկնաբանություններ կարվեն, այնքան ժամանակ, մինչև գա ստորագրված փաստաթուղթն ավելի մանրամասնելու պահը:
Դավիթ Խուդաթյանն ասել է, որ ՀՀ-ի համար բացվում են այն ճանապարհները, որոնք անցնելու են Ադրբեջանով, որովհետև ապաշրջափակումը երկկողմանի պրոցես է, սակայն չի մանրամասնել, նշելով, որ տեխնիկական հարցերի հետ կապված, երբ որ իր գործընկերները մեկնաբանելու անհրաժեշտություն տեսնեն՝ կմեկնաբանեն, այնպես՝ ինչպես հրապարակվեց խաղաղության պայմանագրի տեքստը: 0
