ՌԴ-ում բնակվող բելառուսները իրավունք են ստացել մասնակցելու ՏԻՄ ընտրություններին
Ռուսաստանում մշտապես բնակվող Բելառուսի քաղաքացիներն այժմ իրավունք ունեն մասնակցելու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Համապատասխան օրենքը ստորագրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Օրենքի համաձայն, Ռուսաստանում մշտապես բնակվող Բելառուսի քաղաքացիները կարող են ընտրել և ընտրվել Ռուսաստանի տեղական ինքնակառավարման մարմիններում: Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները նույնպես կստանան նույն իրավունքը, բայց արդեն Բելառուսի տարածքում:
2025 թվականի մարտի 13-ին Մոսկվայում ստորագրվեց արձանագրություն՝ Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության միջև 1998 թվականի դեկտեմբերի 25-ի «Քաղաքացիների հավասար իրավունքների մասին» պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին, որը նախատեսում է երկու երկրների քաղաքացիներին վերոնշյալ իրավունքների տրամադրումը։ Պուտինը փաստաթուղթը խորհրդարանի քննարկմանն էր ներկայացրել հուլիսին։
