Հայկական ապրանքների դիրքերը ռուսական շուկայում չափազանց կարևոր են, եթե մեր արտադրանքը ժամանակին չի հասնում, ապա այդ տեղը կարող են զբաղեցնել այլ երկրների արտադրողները. «Նոր պրոյեկտ. Տնտեսական ալիք» նախաձեռնություն
«Նոր պրոյեկտ. Տնտեսական ալիք» նախաձեռնությունը ներկայացնում է Միքայել Մելքումյանի և Շաքե Իսայանի հայտարարությունը.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Վերջին օրերին խիստ կարևոր խնդիր է առաջացել Հայաստանից Ռուսաստան և այլ շուկաներ ալկոհոլային խմիչքների՝ մասնավորապես կոնյակի և գինու արտահանման գործընթացում։ Վրացական մաքսային անցակետում շուրջ մեկ շաբաթ է՝ 30-ից ավելի բեռնատարներ կանգնած են՝ բարձված հայկական արտադրությամբ խմիչքներով։ Այս թիվը շարունակաբար աճում է։ Մեր արտադրանքը չի կարողանում անցնել Վրաստանի տարածքով, ինչի հետևանքով ամբողջ արտահանման գործընթացը կանգ է առել։
Վրացական կողմի հիմնական պատճառաբանությունն այն է, որ յուրաքանչյուր բեռից պետք է նմուշներ վերցվեն լաբորատոր փորձաքննության համար, և միայն դրանից հետո կտրամադրվի որոշում՝ թույլատրվում է մուտք Վրաստան, թե ոչ։ Այս իրավիճակը առաջացնում է խիստ ծանր ֆինանսական վնասներ մեր բիզնեսների համար։
Բացի բուն արտահանման ձգձգումից, նկատվում է նաև գործընթացների դիտավորյալ դանդաղեցում՝ մաքսային և վարչական մակարդակներում։ Այս իրավիճակը առաջացնում է մի քանի ուղղությամբ վնասներ՝
• ապրանքները ժամանակին չեն հասնում շուկա,
• տրանսպորտային ծախսերն ու տույժերը կտրուկ աճում են,
• վարորդները օրեր շարունակ մնում են սահմանին՝ լրացուցիչ ծախսերի և մարդկային լուրջ անորոշության պայմաններում։
Պետք է ընդգծենք, որ արտահանվող ապրանքատեսականին նոր չէ։ Դրանք տարիներ շարունակ դուրս են բերվել Վրաստանի տարածքով և մուտք գործել ռուսական ու այլ շուկաներ։ Նաև անհասկանալի է այն, որ եթե Վրաստանը այս գործընթացում հանդիսանում է զուտ տարանցիկ երկիր՝ ապրանքներ լրացուցիչ չեն բեռնվելու և բեռնաթափվելու, ո՞րն է այս ամենի իրական դրդապատճառը: Այս գործընթացը չպետք է կանգնի արհեստական խոչընդոտների առջև։
Հիշեցնենք նաև, որ սա առաջին նման դեպքը չէ։ Նախորդ ամիսներին բախվել էինք փայլաթիթեղի հետ կապված հարցերին, որոնք ժամանակին լուծում ստացան։
Այժմ էլ պետք է կառավարությունը արագ և օպերատիվ բանակցի վրացական իշխանությունների հետ, որպեսզի վերանայվեն այս արհեստական խոչընդոտները։
Բացի նյութական վնասներից, այստեղ առկա են նաև շատ լուրջ ռիսկեր՝ շուկաների կորստի տեսանկյունից։ Ռուսական շուկան բարձր մրցակցային է, և հայկական ապրանքների դիրքերը այդ շուկայում չափազանց կարևոր են։ Եթե մեր արտադրանքը ժամանակին չի հասնում, ապա այդ տեղը կարող են զբաղեցնել այլ երկրների արտադրողները՝ այդ թվում Մոլդովան, Ադրբեջանը և այլք։ Այս շուկայի կորուստը դժվար է վերականգնել՝ հատկապես կարճաժամկետում»:
