Պահանջում ենք պատասխանատու պաշտոնյաների անհապաղ հրաժարական․ «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը՝ Չախոյանի դեպքի մասին

494270669-694315016328058-1172211961882711663-n-770x_

«Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը խորը մտահոգությամբ և վրդովմունքով արձագանքում է Նոր Նորքի թաղապետարանի շենքում տեղի ունեցած անթույլատրելի դեպքին, որի ընթացքում ակտիվիստ Արթուր Չախոյանը պետական աշխատողների կողմից խմբակային ծեծի է ենթարկվել։

Ասված է նախաձեռնության հայտարարության մեջ․

«Համացանցում տարածված տեսանյութերում պարզ երևում է, որ բռնության գործադրմանն ակտիվ մասնակցություն է ունեցել նաև Նոր Նորքի թաղապետը։

Մենք խստորեն դատապարտում ենք բռնության ցանկացած դրսևորում, հատկապես՝ պետական կառույցներում և պաշտոնատար անձանց մասնակցությամբ։ Պաշտոնյաների նման վարքագիծը ոչ միայն հակասում է ժողովրդավարական սկզբունքներին, այլև լուրջ սպառնալիք է քաղաքացու ազատ կամարտահայտման և արժանապատվության իրավունքին։

Այս միջադեպը ևս մեկ անգամ փաստում է, որ արևմտյան ժողովրդավար կողմնորոշմամբ հանդես եկող քաղաքական ուժերն ու նրանց ներկայացուցիչները գաղափար անգամ չունեն ժողովրդավարության մասին և կիլոմետրերով հեռու են իրենց գովերգած արժեքներից։

Պահանջում ենք անաչառ և լիարժեք քննություն, մեղավորների պատժում և պատասխանատու պաշտոնյաների անհապաղ հրաժարական։

Բռնությունը տեղ չունի մեր հասարակությունում։

Հասարակական վերահսկողությունն ու ժողովրդավարության ամրապնդումը սկսվում են այն պահից, երբ նման դեպքերը արժանանում են կոշտ արձագանքի և վճռական դատապարտման»։