Իսրայելը հարվածել է Գազայի հարավի ամենամեծ հիվանդանոցին. զոհերի թվում է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամը

befunky-collage-2025-03-24t114614988-770x_

Իսրայելի զինվորականները կիրակի գիշերը հարված են հասցրել Գազայի հարավում գտնվող ամենամեծ հիվանդանոցին, ինչի հետևանքով երկու մարդ զոհվել է, կան վիրավորներ, մեծ հրդեհ է առաջացել, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը: Այս մասին գրում է Associated Press-ը:

Հարվածը հասցվաել է Խան Յունիս քաղաքի Նասեր հիվանդանոցի վիրաբուժական մասնաշենքին օրեր անց այն բանից հետո, երբ հաստատությունը ծանրաբեռնված էր զոհերով և վիրավորներով, երբ Իսրայելն անցած շաբաթ վերսկսել է ռազմական գործողությունները Գազայում՝ օդային հարվածների անակնկալ ալիքով:

Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ կիրակի գիշերը տեղի ունեցած հարվածի ժամանակ զոհվածների թվում է 16-ամյա մի տղա, որը երկու օր առաջ վիրահատվել էր: Սպանվել է նաև ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի անդամ Իսմայիլ Բարհումը, որը բուժվում էր հիվանդանոցում, ասվում է ՀԱՄԱՍ-ի հայտարարության մեջ:

Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել են հոսպիտալի վրա հարձակումը՝ ասելով, որ հարվածն իրականացվել է այնտեղ գտնվող ՀԱՄԱՍ-ի զինյալին: Իսրայելը քաղաքացիական անձանց մահվան համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին, քանի որ այն գործում է խիտ բնակեցված տարածքներում:

Ինչպես Գազայի շրջակայքում գտնվող այլ բժշկական հաստատությունները, Նասերի հիվանդանոցը վնասվել է իսրայելական հարձակումների և հարվածների հետևանքով: Ավելի քան 50,000 պաղեստինցիներ զոհվել են պատերազմի ընթացքում, կիրակի հայտնել է Առողջապահության նախարարությունը: