Ո՞վ է խայթում Փաշինյանին

Ամերիկյան առանցքային պաշտոնյաների՝ ԱՄՆ նախագահի խորհրդականներ Ջոն Բոլթոնի ու Ռուդոլֆ Ջուլիանիից հայաստանյան այցին ընդառաջ (հայտնի է  դարձել, որ առաջիկայում Հայաստան կայցելի ոչ միայն Բոլթոնն, այլև Նյու Յորքի նախկին քաղաքապետը), ամերիկյան մամուլը շարունակում է քննադատական հոդվածներ գրել Հայաստանի մասին՝ հեղափոխական իշխանություններին մեղադրելով երկիրը բռնատիրության ճանապարհով տանելու մեջ: «Washington Times»-ից հետո հիմա էլ «The National Interest»-ն է քննադատական խոսքեր հնչեցրել Փաշինյանի հասցեին ճիշտ այնպես, ինչպես դա օրերս արել էր «Washington Times»-ը. մի կողմից՝ ոչ միանշանակ գնահատականի է արժանացրել հեղափոխությունից հետո իշխանությունների կողմից վարվող քաղաքականությունը, որի արդյուքում, ըստ հոդվածագրի, քաղաքական ընդդիմությունը փոշիացել է, մյուս կողմից՝ կենտրոնացել հետհեղափոխական հայաստանյան արդարադատության վրա՝  ընթերցողների ուշադրությունը հրավիրելով հատկապես Ռոբերտ Քոչարյանի շուրջ ընթացող պրոցեսների վրա՝ զգուշացնելով, որ  Փաշինյանին չկանգնեցնելու դեպքում Հյաստանում ժողովրդավարության ապագան կարող է այնքան էլ պայծառ չլինել. երկիրը կարող է վերածվել բռնապետության: Հարցը, թե հատկապես ինչով կարող է պայմանավորված լինել նոր Հայաստանի նկատմամբ ամերիկյան մամուլի կողմից դրսևորվող նման կեցվածքը, թերևս, այնքան էլ հեշտերից չէ. ենթադրելի է, որ գործ ունենք «մտրակի ու կարկանդակի» հայտնի սկզբունքի հետ, միայն թե այստեղ հարցն այն է, թե ինչ խնդիր է տեսնում կամ ինչ սպառնալիք է նշմարում Արևմուտքը Հայաստանում, որ որոշել է նման եղանակով համապատասխան ազդանշաններ ուղարկել Փաշինյանին: Ամերիկյան բարձրաստիճանների հայաստանյան այցի ընթացքում Փաշինյանի հետ քննարկելիքն այնաստիճան գլոբալ է, որ Վաշինգտոնը վախենում է մերժվե՞լ, թե՞  խնդիր կա Հայաստանին հասկացնելու, որ երկրում տեղի ունեցածը միջազգային հարաբեությունների օրակարգը կերտողների համար ոչ միայն վճռական իրադարձություն չէ, այլև խոշոր հաշվով ոչինչ է, եթե հեղափոխականները մտադիր են ասենք առավելագույն ինքնուրույնության ձգտել այնպիսի հարցերում, որոնց լուծման մգործում նախկինում նույն արևմտյան համապատասխան շրջանակները մշտապես կարևոր դերակատարում են ունեցել: Ի՞նչն է անհանգստացնում Արևմուտքին, բայց հատկապես Ամեիկային՝ ահա կարևորգույն հարցը, որ այժմ առկախված է մնում: Չի բացառվում, սակայն, մեկ այլ տարբերակ ևս, որը, չնայած քիչ հավանական է, սակայն, կատարելապես բացառել չի կարելի. հնարավոր է՝ պարբերաբար արևմտյան մամուլում տեղ գտնող գրեթե նույնաբովանդակ հոդվածների ի հայտ գալը պայմանավորված է  միանգամայն նեղ, առավելապես սուբյեկտիվ գործոններով: Կարո՞ղ է, արդյոք, նույն Քոչարյանը կանգնած լինել սաբոտաժի հստակ տարրեր պարունակող նմանօրինակ հոդվածների հեղինակների թիկունքին, արդյուք սրանք պատվիրված հոդվածներ չե՞ն, որ նպատակ ունեն առաջին հերթին խաթարելու Փաշինյանի հեղինակությունն ու անվանարկելու հայաստանյան հեղափոխությունը: Քոչարյանն այս աշխարհում վերջին մարդկանցից չէ ու ենթադրելի է՝ ցանկության դեպքում կարող էր փող բանեցնելու միջոցով մամուլում որոշակի ֆոն ստեղծել: Մյուս կողմից, իհարկե, այստեղ ոչ այնքան Քոչարյանի  նյութական կարողության հարցն է դրված, որքան  նույն այդ պարբերականների հեղինակության… Բոլոր դեպքերում ակնհայտ է, որ Միացյալ Նահանգները դեռևս չեն շտապում գրկաբաց ընդունել հայաստանյան հեղափոխությունն ու մեր երկրի հետ շփումներում փորձում են առավելագույն զգուշավորություն պահպանել. Եվրոպան էլ կարծես ոգևորված չէ Հայաստանում տեղի ունեցածով: Norlur.am            
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.