Երկրաբան. «Պատկերացրեք, որ հանքերը չեն շահագործվում. մեր ժողովուրդն ինչպե՞ս է ապրելու, տնտեսությունն ինչպե՞ս է զարգանալու»

168.am-ի զրուցակիցն է երկրաբան Հովհաննես Գույումջյանը։ Նրա հետ զրուցել ենք Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում ներկայումս տիրող իրավիճակի մասին։ – Աշխարհի առաջատար հանքարդյունաբերական երկրներում՝ Կանադայում, ԱՄՆ-ում, երկրաբանությունը, մետալուրգիան, հանքարդյունաբերության ոլորտի հետ կապված մասնագիտությունները հարգված են: Դրանք նաև հարգված էին Հայաստանում խորհրդային տարիներին, բայց այսօր հանքարդյունաբերության ոլորտի հանդեպ բացասական տրամադրվածություն կա: Ձեր կարծիքով՝ ի՞նչ է պետք անել, որ այդ վերաբերմունքը փոխվի: – Այստեղ ամբողջ հարցը հենց դա է՝ ի՞նչ անել։ Այսօր աշխարհում հանքերը շատ են, դրանք հասնում են հարյուրների, կան երկրներ, որտեղ ոսկին հանքերից դուրս բերելու համար անհրաժեշտություն չկա թունավոր նյութերի օգտագործման, իսկ մեզանում ոսկին հանելու համար թունավոր նյութերի օգտագործումից խուսափելն անհնար է։ Բայց եկեք հասկանանք մեկ պարզ բան, որ այսօր ամբողջ աշխարհն է հանքեր շահագործում, ուրեմն Հայաստանը ևս կարող է իր բոլոր հանքերն օգտագործել՝ ապահովելով անվտանգության բոլոր պայմանները։ Հանքերի շահագործման բոլոր մեթոդները պետք է լինեն միջազգային ստանդարտներին համապատասխան, դրանք պետք է անբեկանելի լինեն։ Նախ՝ Հայաստանը պետք է ուսումնասիրի միջազգային փորձը և հասկանա, թե աշխարհի մյուս երկրներում ոսկու հանքերն ինչպես են շահագործվում, ոսկին ինչպես է դուրս բերվում հանքերից։ Մեզանում միայն ասում են՝ հանքերը փակեք, մի՛ շահագործեք, սակայն օրինակներ չեն բերում, չեն ասում, թե այդ դեպքում ի՞նչ պետք է անենք։ Օրինակ, մեր հանքավայրերի պարունակությունը շատ քիչ է, ԱՄՆ-ում, Աֆրիկայում, Չիլիում կան ավելի հարուստ ոսկու հանքեր, մերոնք հենց նրանց փորձը պետք է ուսումնասիրեն։ Մեկ անգամ չեմ լսել, որ մերոնք խոսեն համաշխարհային փորձի մասին։ Մենք հասկանում ենք, որ հանքերը լեռներում են, այնտեղ գետեր կան, դրանցից մարդիկ են օգտվում, սակայն սա չի նշանակում, որ հանքը չպետք է շահագործել, այլ պետք է մտածել՝ ինչպես անել, որ այն շահագործելով հանդերձ՝ մարդուն չվնասեն։ – Հանքարդյունաբերությունը Հայաստանի արտահանման մոտ 50%-ն է կազմում: Այն տնտեսության հենասյուներից է: Սակայն մտայնություն կա, որ հանքարդյունաբերությունը պետք է փոխարինվի այլ ճյուղերով: Կարիք կա՞ նման փոխարինման, կարո՞ղ է արդյոք Հայաստանը պահպանել հանքարդյունաբերության ոլորտը, բայց բարելավել այն: – Հայաստանը լեռնային երկիր է, հարուստ է լեռնահանքերով, և առանց դրա չեմ պատկերացնում ՀՀ տնտեսությունը։ Հանքարդյունաբերությունը միշտ պետք է լինի կարևոր ու առաջնային տեղերից մեկում։ Այլ ոլորտների մասին չեմ ցանկանում խոսել։ Օրինակ, գյուղատնտեսությամբ հնարավոր չէ երկիր ու տնտեսություն զարգացնել, քանի որ Հայաստանի հողերը շատ քիչ են, դրանց մի մասը բերրի չէ, մյուս մասն էլ չի մշակվում։ Կարծում եմ՝ հանքարդյունաբերության ոլորտում խնդիրներից մեկն էլ այն է, որ ժողովուրդը չգիտի, թե հանքերի հիմնական շահագործողներն ու տերերն ովքեր են։ Սա ժողովրդի համար կարծես թե գաղտնիք է։ Երբեմն մտածում եմ, որ արժե մեր բոլոր հանքերն ազգայնացնել։ Մեկ անգամ ևս ցանկանում եմ ընդգծել, որ ՀՀ տնտեսությունն առանց հանքարդյունաբերության չեմ պատկերացնում, մեզ համար կարևոր են՝ ինչպես մետաղային, այնպես էլ՝ ոչ մետաղային հանքերը։ Բայց դրանց շահագործումը պետք է լինի գրագետ, ոլորտը պետք է ղեկավարեն կրթված անձինք։ Այս ոլորտում պետք է առաջնորդվեն գիտելիքներով, այլ ոչ թե՝ ասեն՝ մենք հանքարդյունաբերություն չենք ուզում, այն վտանգավոր է. սա սխալ մոտեցում է։ – Ամուլսարի թեման այսօր քննարկվող ամենաթեժ թեմաներից է, մինչդեռ թե՛ «Լիդիան» ընկերությունը, թե՛ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեսպանները, թե՛ տարբեր միջազգային կազմակերպություններ պնդում են, որ Ամուլսարում պահպանվում են միջազգային մոտեցումները։ Նախօրեին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այդ կապակցությամբ ասել էր, որ մտահոգված է, քանի որ Ամուլսարում, արդեն չորս ամիս է, աշխատանքները դադարեցված են։ Ըստ նրա, չկա ՀՀ բնապահպանական օրենքների խախտում, կոռուպցիոն դրսևորումներ, Ամուլսարի հարյուրավոր աշխատողներ շուտով դուրս կմնան աշխատանքից։ Եվ եթե հարցն արագ չկարգավորվի, Հայաստանի բիզնես գրավչությունը կստվերվի: Այս առումով ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի ՀՀ կառավարությունը։ – Առաջին հերթին պետք է հայտնաբերեն, օգտագործեն այնպիսի մեթոդ, որով հնարավոր կլինի ոսկին կորզել անվնաս նյութերով։ Այսօր սրա մասին է պետք մտածել, այլ ոչ թե՝ հանքերի փակման։ Գուցե մեզ այստեղ հայտնագործություն է անհրաժեշտ, բայց, ցավոք, այս մասին որևէ մեկը չի խոսում։ – Ամուլսարի ծրագրի վերաբերյալ վերջին շրջանում աղմուկը շատ է: Սակայն մասնագետները կարծեք թե քննարկման հարթակը զիջել են բնապահպանական և այլ ակտիվիստներին, և մասնագիտական կարծիք քիչ է լսվում: Ի՞նչ կարծիքի եք այդ ծրագրի մասին: – Կարծում եմ՝ բոլորս էլ հասկանում ենք, որ ակտիվիստները մասնագետներ չեն, այս հարցում ոչ թե ակտիվիստները պետք է լինեն, այլ մեծ գիտելիքներով մասնագետներ։ Չի կարելի այս հարցը թողնել ակտիվիստներին, սա սխալ է։ Պատկերացրեք, որ հանքերը չեն շահագործվում. մեր ժողովուրդն ինչպե՞ս է ապրելու, տնտեսությունն ինչպե՞ս է զարգանալու։ Հանքերը Հայաստանի համար շատ կարևոր են, և բոլոր ժամանակներում էլ կարևոր են եղել։ Օրինակ, մենք սև պղինձ ենք արտահանում, չգիտեմ՝ որ երկիր, բայց պետք է կարգին պղինձ արտահանվի, ինչպես անցյալում էր։ Պղնձի համար մենք կաբելի հսկայական գործարան ունեինք, փաստորեն, և՛պղինձ ենք արտահանում, և՛ այդ պղնձի մեջ եղած հազվագյուտ մետաղները չենք հանում, այլ հենց այնպես արտահանում ենք։ Այս ամենի մասին երբեք չի խոսվում։ – «Լիդիան» ընկերությունն ասում է, որ բնապահպանական միջազգային չափանիշեր է բերում հանքարդյունաբերության ոլորտ: Արդյոք հնարավո՞ր է այդ առումով ինչ-որ բան փոխել Հայաստանում, Ամուլսարը կարո՞ղ է նման օրինակ դառնալ: – Կարծում եմ՝ Ամուլսարը կարող է լինել հենց այն օրինակը, թե ինչպես կարելի է հանքերը ճիշտ ու անվտանգ շահագործել։ Սա հնարավոր է, ինչո՞ւ չէ, բայց դրա համար ուղեղներ են պետք, գիտելիքներ։ Չի կարելի Ամուլսարը հենց այնպես թողնել ու չշահագործել։ Ցավում եմ, որ այսօր մեր շարքերից հեռացել են լավագույն երկրաբանները, լավ երկրաբաններ չեմ տեսնում ո՛չ Համալսարանում, ո՛չ Ակադեմիայում, եթե նրանք լինեին՝ իրենց մասնագիտական կարծիքը կասեին հանքարդյունաբերության վերաբերյալ։ Իհարկե, չեմ ժխտում, կան նաև որոշ երկրաբաններ, որոնք ոլորտից բոլորովին հեռացել են և զբաղվում են այլ հարցերով։ Աղբյուրը՝ 168.am    
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.