Ադրբեջանցիները ցնծության մեջ են. Հայաստանի հեղինակությունը վտանգի տակ է հայտնվել

Ամուլսարի շուրջ ստեղծված անհեթեթ իրավիճակը, որն արդեն երկար ամիսներ է՝ չի հաջողվում կարգավորել, սպառնում է վերածվել միջազգային աղմկոտ սկանդալի: Ընդ որում՝ պետք է նկատել, որ Հայաստանում  ստեղծված այս  իրավիճակը բավական դրականորեն է ազդել հատկապես ազերիների տրամադրության վրա, որոնք, կանխազգալով Հայաստանի միջազգային հեղինակությանը հասցվելիք անվերականգնելի վնասը, հոդված են հրապարակել՝ անդրադառնալով Ամուլսարի շահագործման դեմ իրականացվող բողոքի ակցիաներին՝ չարախնդալով այն իրավիճակի վրա, որում այժմ հայտնվել են ամերիկյան ներդրումները Հայաստանում՝ իրավիճակ, որ կարող է շղթայական ռեակցիայի օրենքով հանգեցնել Հայաստանի  միջազգային ներդրումային գրավչության նվազեցմանն ու նպաստել պետության մեկուսացմանը. Ադրբեջանի գունավոր երազները կարող են իրականություն դառալ… Պետք է արձանագրել, որ ազերիների լավ տրամադրությունն այնքան էլ հիմնազուրկ չէ. մի քանի պարապ-սարապների, այնուամենայնիվ, հաջողվում է խաղալ երկրի վարկանիշի հետ, կեղծ բնապահպանական լոզունգների ներքո ստիպել աշխարհին՝ Հայաստանի հետ հետայսու գործ ունենալիս մի քանի անգամ մտածել ու հետո միայն ձեռքը տանել գրպանը: Իրավիճակի մարազմայնությունը կայանում է  հատկապես նրանում, որ մի քանի ցուցարարի կամայականության արդյունքում է, որ «Լիդիան Արմենիա» ընկերության գործունեությունն այժմ հայտնվել է վտանգի տակ: Միանշանակ է, որ «Լիդիան Արմենիա» ընկերությանը փաստի առաջ կանգնեցնելու հանգամանքը այս պարագայում խոսում է ոչ թե Հայաստանում արմատացած ժողովրդավարական արժեքների կամ հին Հայաստանի բարքերի հաղթահարման, այլ նոր Հայաստանի փաստացի պարալիզացված լինելու մասին: Այլապես ի՞նչ է նշանակում չորս ամիս շարունակ խնդրի վերաբերյալ նույն պետության կողմից դրսևորվող  անտարբեր վերաբերմունքը մի պարագայում, երբ հայտնի է, որ հարցը վերաբերում է ոչ միայն Հայաստանի առանձին վերցրած բնակավայրերի բնակիչների սոցիալ-տնտեսական վիճակին, այլ ողջ հանրապետության առաջ ծառացած ֆինասնատնտեսական խնդիրների հաղթահարմանը. եթե Լիդիան Արմենիան 20 հոգու պատճառով ստիպված լինի կասեցնել իր գործունեությունը կամ դիմի արբիտրաժային դատարան արդարացի պահանջով, ապա Հայաստանին հասցվելիք վնասն իսկապես ահռելի կլինի, ու այդ պարագայում կարելի կլինի հավետ մոռանալ արևմտյան կապիտալի ներհոսքի կամ, առավել ևս, խոշորամասշտաբ նեդրումների մասին. մի լավ խայտառակվելու ենք՝ ունենալով միջազգային արբիտրաժում պարտված Հայաստան այն պարագայում, երբ որևէ լուրջ ներդրող համապատասխան որոշում կայացնելիս նախ ստուգում է այս կամ այն երկրի՝ միջազգային արբիտրաժում ունեցած գործերն, հետաքրքրվում, թե կոնկրետ ինչ որոշումներ են ընդունվել պետության վերաբերյալ, կարո՞ղ է, արդյոք, վստահել համապատասխան երկրի կառավարությանը, թե՞ ներդրում կատարելիս ստիպված է լինելու բախվել ասենք մի քանի տասնյակ մարդկանց քմահաճույքին ու այդ քմահաճույքից բխած պետական անհսականալի դիրքորոշմանը՝ տանուլ տալով ողջ ներդրումային ծրագիրը: Ժողովրդավարական լոզունգներն, իհարկե, ականջահաճո բաներ են, բայց դրանք չես դնի հացի մեջ ու ուտի: Իրականում հասկանալի է, որ որևիցե գիտական հիմնավորում էկոլոգիական  ենթադրյալ վնասի մասին պարզապես գոյություն չունի. այդ՝ մի քանի տասնյակի հասնող վայ «բնապահպանները» ո՛չ քիմիկոսներ են, ո՛չ կենսաբան, ո՛չ էլ գիտության որևիցե այլ ճյուղի հեղինակավոր ներկայացուցիչներ: Նրանք ընդամենը վարձու ցուցարարներ են, որոնք, առաջնորդվելով իրենց ճղճիմ կենցաղային շահերով, որոշել են «քար գցել» Հայաստանի միջազգային հեղինակության վրա՝ ըստ էության՝ հաստատ իմանալով, որ արդեն չորս ամիս իշխանության ղեկին հայտնված կառավարությունը չի բարեհաճելու ինչ-որ լուծում տալու խնդրին. թո՛ղ հստակեցնեն իրավիճակը. կա՛մ ներդրողը շարոնակում է աշխատել ու այդպիսով ռեալ օգուտ բերել Հայաստանի տնտեսական շինարարությանը, կա՛մ վերցնում է իր միլիարդանոց ներդրումն ու  հեռանում՝ դրանից բխող բոլոր վատթար հետևանքներով: Մյուս կողմից, իհարկե, հարց է առաջանում՝ իսկ ո՞ր բիզնեսն է բնապահպանական իմաստով 100% անվտանգ: Այդ նույն տրամաբանությամբ պետք է արգելվեն շինարարությունը, քանի որ դրա արդյոնքում փոշի է առաջանում ու վնասում ասենք Երևան քաղաքի  էկոլոգիային, երկրում արտադրության կազմակերպումը, քանի որ դա նույնպես էկոլոգիական ռիսկեր է ենթադրում և այսպես շարունակ: Այսինքն՝ մարդկային քաղաքակրթությունը պետք է առհասարակ «փակել», քանի որ այն կարող է ազդել ասենք բնակավայրերում օդի մաքրության վրա… Փաստորեն՝ Հայաստանում տնտեսական գործունեություն ծավալելն առհասարակ այլևս չի խրախուսվում, ներդրումներ անհրաժեշտ չեն, իսկ մարդիկ էլ այսուհետ ապրելու են բացառապես մաքուր օդ շնչելով: Սա՞ է կառավարության տնտեսական զարգացման հայեցակարգի էությունը… Բա թուրքը սրանից հետո ո՞նց չուրախանա ու չխժժա մեր վրա… Իրականում ադրբեջանցիների ուրախությունը ոչ թե սովորական մարդկային ճղճիմ բարքերի արտահայտության արդյունք է, ոչ թե թրքություն է, այլ՝ Հայաստանի համար իրավիճակի լրջության հստակ գիտակցման: Բանն այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը կամա-ակամա մրցակիցներ են ոչ միայն ռազմի դաշտում, այլև աշխարհատնտեսությունում, ու Բաքուն անչափ ուրախ կլինի, եթե Հայաստանը նույն կառավարության թուլակամության արդյունքում հայտնվի մրցակցությունից դուրս. երկիրը կամայանա, հայաստանցիների ապրուստի միակ միջոցն էլ կդառնա խոպանը: Մինչդեռ առանց նորմալ տնտեսության անհնար է լինելու նաև բանակի մարտունակության ապահովումն ու առավել ևս  հաղթանակները ռազմաճակատում: Այսքանից հետո մնում է միայն հուսալ, որ վարչապետը հավատարիմ կգտնվի իր վերջին հայտարարություններին ու որոշում կայացնելիս կհիմնվի ոչ թե մի քանի ցուցարարների բղավոցների, այլ իսկապես գիտական փաստերի վրա, իսկ դրանք վկայում են, որ Ամուլսարի շահագործումը որևիցե իրական վտանգ չի ներկայացնում Հայաստանի բնության համար. «Լիդիան Արմենիան» երաշխավորում է ամենաբարձր միջազգային նորմերի պահպանումը: Norlur.am            
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.