Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող հաստատություններում սեպտեմբերին գրանցվել է 270 ծնունդ

Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2018 թվականի սեպտեմբեր ամսում գրանցվել է 270 ծնունդ՝ 153 տղա եւ 119 աղջիկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, 154 ծնունդ գրանցվել է Մարտունու ծննդատանը, 55 ծնունդ՝ Գավառի ԲԿ-ում, 35 ծնունդ՝ Սեւանի ԲԿ-ում, 18 ծնունդ՝ Վարդենիսի հիվանդանոցում եւ 8 ծնունդ՝ Ճամբարակի առողջության կենտրոնում: Ծնունդներից երկուսի դեպքում լույս աշխարհ են եկել զույգ երեխաներ: Նույն աղբյուրի համաձայն՝ այս տարվա սեպտեմբերի ծնունդների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ծնունդներին զիջում է ընդամենը 8-ով: Ընդ որում, նվազման ցուցանիշը բաժին է ընկնում հիմնականում Վարդենիսի հիվանդանոցին, որտեղ նախորդ տարվա սեպտեմբերին գրանցված 33 ծնունդների դիմաց այս սեպտեմբերին գրանցվել է 18 ծնունդ: Փոխարենը նույն ժամանակահատված համեմատ նկատելի աճ է ապահովել Մարտունու ծննդատունը, որտեղ նախորդ սեպտեմբերի 144 ծնունդների դիմաց այս տարի գրանցվել է 154 ծնունդ:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.