Թրամփի նամակի տողատակը. սովորական պրոֆիլակտիկա

«Մենք ունենք բավական մեծ օրակարգ Միացյալ Նահանգների հետ: Այն մեր գործընկեր երկրներից մեկն է, որի հետ 27 տարիների ընթացքում կառուցել ենք բավական հարուստ օրակարգ: Իհարկե, շատ ոգևորիչ է: Միացյալ Նահանգները ողջունեցին այն իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում, որոնք ուղղված էին ժողովրդավարության, օրենքի գերակայության ամրապնդմանը: Այդ բոլորն արժեքների վերահաստատման, ամրապնդման գործընթացներ էին: Միացյալ Նահանգները, այդ առումով լինելով մեր գործընկերը, մեզ ողջունում են, մեզ շնորհավորում: Իհարկե, այդ ջերմությունը շատ ոգևորիչ է, շատ լավ է»,- մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Թրամփի՝ Հայաստանի Անկախության տոնի առթիվ Փաշինյանին ուղղված շնորհավորական ուղերձը՝ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Հանրային հեռուստաընկերության «Իրականում» հաղորդաշարի եթերում: Անշո՛ւշտ, Թրամփի, ինչպես նաև  ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի՝ Փաշինյանին ուղղված շնորհավորական ուղերձներն (Փոմփեոյի ուղերձն՝ այստեղ) ուշագրավ են հատկապես տարածաշրջանում ստեղծված պայթյունավտանգ մթնոլորտի ֆոնին. դրանք իրենց խորքում պարունակում են ոչ միայն Փաշինյանին ուղղված կոնկրետ ուղերձներ՝ հայ-ամերիկյան հարաբերությունների կոնտեքստում, այլև, անկասկած,  որոշ նոտաներ՝ Բաքվին. Արցախի խնդրում առաջիկա ամիսներին ճեղքում գրանցելու մասին Թարմփի վստահությունը կարելի է ոչ միայն յուրատեսակ ապակոդավորում համարել, այլև ակնարկ՝ Ալիևին (ի դեպ՝ Ալիևին միառժամանակ առաջ ուղղված հայտնի շնորահավորական ուղերձում ևս Թրամփը նույնաբովանդակ ակնարկ էր կատարել): Ո՞րն է ԱՄՆ ղեկավարության հիմնական ուղերձը՝ նոր Հայաստանին: Հիմնական ուղերձը, թերևս, մեկն է և այն հետևյալն է՝ ԱՄն շահագրգիռ է ի դեմս Հայաստանի ունենալ տարածաշրջանում կարևոր, վստահելի գործընկեր, սակայն նման գործընկերություն կերտելու, երկկողմ հարաբերություններն է՛լ ավելի բարձր մակարդակի բարձրացնելու համար ՀՀ ղեկավարությունը պետք է հանձն առնի որոշակի տնային աշխատանք. խոսքն առաջին հերթին կոռուպցիայի դեմ պայքարի, ժողովրդավարական արժեքենրի արմատավորման, դատաիրավական համակարգի բարեփոխումների մասին է: Այս իմաստով պետք է նկատել, որ Թարմփի շնորհավորական ուղերձում ճիշտ և ճիշտ արտացոլվել է վերջին շրջանում ԱՄՆ դեսպան Միլսի՝ տարբեր առիթներով հնչեցրած ուղերձների հավաքական բովանդակությունը: Իրականում Թրամփի՝ Հայաստանի հետ հարաբերությունների կառուցման մեխանիկան  շատ պարզ է ու ենթադրում է շարունակական գործընթաց. Արևմուտքին՝ ընդհանրապես և, մսնավորապես, ԱՄՆ-ին՝  մոտ լինելու համար Հայաստանը նախևառաջ պետք  է սկսի արժեհամակարգային, նույնիսկ մենթալիտետային  մակարդակի փոփոխություններից. հարկավոր է նախևառաջ հաղթահարել խորհրդային անցյալից ժառանգություն ստացած համակարգային գերխնդիրներն ու հետո միայն մտածել ԱՄՆ հետ միանգամայն նոր որակի հարաբերոթյունների կառուցման մասին: Այսպիսով՝ Վաշինգտոնն, իսկ նրա հետ մեկտեղ նաև հավաքական Արևմուտքը Հայաստանի հետ հարաբերությունների որակը փորձում են պայմանավորել ոչ թե իրենցից բխող պատճառներով, այլ ճիշտ հակառակ տրամաբանությամբ՝ պատասխանատվության ահռելի բաժին բարդելով Երևանի վրա ու ջանալով քողարկել սեփական պասիվությունը,որ ունի ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներ: Անկասկած, խնդիրն այստեղ առաջին հերթին աշխարհաքաղաքական է. ԱՄՆ-ում շատ լավ հասկանում են, որ Հայստանն այսօր Ռուսաստանի համար կենսական նշանակություն ունեցող երկիր է, ու ցանկացած  կտրուկ քայլ կարող է գրգռել Մոսկվային՝ավելորդ խնդիրներ առաջ բերելով Արևմուտքի հետ նրա հարաբերություններում: Կարևոր է հասկանալ, որ այժմ Անդրկովկասը նույն Ամերիկայի համար աշխարհաքաղաքկան առումով այնքան էլ մեծ արժեք չունի՝ ու շատ դեպքերում հարցը, թե ինչպես Վաշինգտոնը կդրսևորի իրեն այս կամ այն իրավիճակներում, մեծապես կախված է ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների որակից: Կարճ ասած՝ Թրամփի ուղերձը խոշոր իմաստով կրում է պրոֆիլակտիկ բնույթ, որն ակնհայտորեն միտված է ավելի շատ ապագային, քան ներկային (ասվածի վառ ապացույց, թերևս կարելի է համարել Փաշինյան-Թրամփ չեղարկված հանդիպումը, որը բավավական մեծ աղմուկ հանեց Հայաստանում): Արձանագենք՝ այժմ ԱՄՆ-ի ամենաառաջնային խնդիրը Մերձավոր Արևելքն է, ու ունեցած հիմնական ռեսուրսներն այդ երկիրը կենտրոնացրել է հենց այս ուղղությամբ, իսկ Անդրկովկասը չի փախչի՝ նամանավանդ հաշվի առնելով այս տարածաշրջանի նկատմամբ Մոսկվայի ունեցած գերզգայունությունը: Norlur.am            
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.