Լենա Նազարյանը չափն անցել է, պետք է պատասխանատվություն կրի օրենքի առաջ․ Միքայել Մելքումյան

Սեպտեմբերի 17-ին ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Զազարյանը խորհրդարանում պատասխանելով լրագրողների հարցերին՝ նշել էր․ «Նաիրա Զոհրաբյանն էլ այն պատգամավորներից է, որ կողմ է քվեարկել Մարտի 1-ին հատուկ դրություն մտցնելու որոշմանը»: Այս առիթով Նաիրա Զոհրաբյանն արդեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի հարցաքննության կանչեն Լենա Նազարյանին։ Նաիրա Զոհրաբյանը aravot.am-ի հետ զրույցում Լենա Նազարյանին հորդորել է կարդալ ՀՀ Սահմանադրությունը, որը սահմանում էր` արտակարգ դրության մասին հրամանագիրը նախագահի բացառիկ իրավունքն է, հետեւաբար՝ նման նախագիծ խորհրդարանում չի քվեարկվել: Անդրադառնալով Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը, Լենա Նազարյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որտեղ նշել է․ «Նաիրա Զոհրաբյանը, ցանկանալով իր անունը զերծ պահել Մարտի 1-ի արյունոտ իրադարձություններից, բառախաղի միջոցով ավելի նեղ իրավական հարթություն է տեղափոխել իմ հայտարարությունը»։ NorLur.am-ի հետ զրույցում ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ, ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանն անդրադարձավ վերոնշյալ թեմային՝ նշելով, որ Լենա Նազարյանն արդեն չափն անցել է։ «Չափ էլ կա, չափ էլ։ Նա այնքան է չափն անցել, որ, որքանով հասկանում եմ՝ ասում է՝ Մարտի 1-ի արյունն ուզում են մաքրել։ Փաստորեն, Մարտի 1-ի հետ կապված՝ նախագահ Քոչարյանի քվեարկության շուրջ ծավալվել է չակերտավոր ասած՝ բանավեճ, բայց այդ հրամանագիրը ոչ մի ձևով չի քվեարկում խորհրդարանը, ընդամենը հայտարարության տեքստն է երևի այն ժամանակ խորհրդարանն ընդունել, բայց ոչ հրամանագիրը», - ասաց Միքայել Մելքումյանը։ Վերջինս շեշտեց՝ եթե որևէ գործիչ, պաշտոնյա, պատգամավոր, քաղաքացի մեղսագրում է այսպիսի անարդար ու խայտարակ բան քաղաքական ուժին՝ Մարտի մեկի արյունի հետ կապված, կամ պետք է ապացուցի կամ պատասխան տա օրենքի առաջ։ «Խնդրեմ․ կամ ապացուցե՛ք, որ դա այդպես է կամ էլ թող պատասխանատվություն կրի ամենախիստ ձևով։ Չգիտեմ, իսկապես, չգիտեմ՝ անունն ինչ դնեմ․ եթե ասեմ՝ դա մանկամտություն է կամ անփորձություն․․․․ Բոլոր դեպքերում, ինչպես ասում են, օրենքներ չիմանալը չի փրկում օրենքի առաջ պատասխանատվություն կրելուց։ Իմ կարծիքով՝ նա պետք է խստագույնս պատասխանատվության ենթարկվի, այլապես, եթե այդպես լինի, բոլոր մարդիկ մեկը մյուսին կարող են մեղադրել ամենածանր հանցագործությունների մեջ։ Հասկացանք, որ նախընդրական քարոզարշավի հռետորաբանություն է, բայց ամեն ինչ իր չափն ու սահմանն ունի վերջին հաշվով։ Գոնե ես այն գործիչներից եմ, որ միշտ կողմ եմ եղել, որ կտրուկ, գոտկատեղից ներքև հարվածներ չլինեն, բայց այստեղ չափը վերջնական անցել է, դրա համար էլ կարծում եմ՝ պատասխանատվության ինստիտուտը պետք է հստակ գործի, և ես որքանով տեղյակ եմ, Նաիրա Զոհրաբյանը համապատասխան մարմիններին դիմել է։ Այո՛, պետք է դիմել, որպեսզի հստակ գործի պատասխանատվության ինստիտուտը, իսկ եթե չգործի, ուրեմն այս երկիրը չի կարող ճիշտ ուղղությամբ ընթանալ», - նշեց Միքայել Մելքումյանը։ Հարցին՝ ի՞նչ եք կարծում, Լենա Նազարյանը դիտմա՞մբ է հենց նախընտրական քարոզարշավի ընթացքում այս արտահայտությունն արել, Միքայել Մելքումյանը նշեց․ «Էական էլ չէ՝ դիտմամբ է, թե ոչ։ Դա կարող էր լինել ամսի 25-իմ կամ 26-ին․ որևէ բան չէր փոխվելու դրանից։ Լենա Նազարյանը, անկախ նրանից, որ իշխանության ներկայացուցիչ է, պետք է իմանա, որ ինքը օրենքի առաջ պետք է պատասխանատվություն կրի, քանի որ օրենքի առաջ բոլորը հավասար են։ Ծանրագույն մեղսագրման մասին է խոսքը․ մարդիկ կարդում են՝ Մարտի 1-ի արյունը նա ուզում է մաքրել, կամ ՝ քաղաքական ուժի վրա է, կամ Նաիրա Զոհրաբյանի վրա, կամ մեր վրա․․․ Ի՞նչ պետք է մտածեն մարդիկ։ Մարդկանց մեծ մասը, գուցե, տեղեկություն էլ չունի, բայց մտքում ֆիքսվում է։ Ի՞նչ է դրա նպատակը․ Իհարկե, միտում կա։ Միանշանակ, միտում կա։ Ո՞նց կարող է միտում չլինել։ Դե, թող դրա մասին ինքն ասեր՝ ասենք՝ օգոստոսի սկզբին կամ հունիսի վերջին, կամ հուլիսին․․․ Ինչո՞ւ այդ ժամանակ չէի ասում։ Իհարե, հստակ միտում եմ տեսնում։ Արդեն հերիք է՝ ինչքան այս գործիչը այսպես ասաց, մյուսը՝ պատասխանեց։ Ռեալ պետք է գործի պատասխանատվության ինստիտուտը։ Համապատասխան մարմինները թո՛ղ զբաղվեն դրանով։ Լենա Նազարյանի ասածը հաղորդում է հանցագործության մասին՝ Մարտի 1-ի արյան հետ կապված։ Հիմա թող ապացուցեն, մենք էլ պետք է դիմենք, որ հաղորդում է եղել հանցագործության մասին․ թող երկուսը համադրեն, տեսնեն՝ ինչ է ստացվում», - եզրափակեց Միքայել Մելքումյանը։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.