Պուտինը՝ Քոչարյանի թիրախում. հարված՝ թիկունքից

Քոչարյանի՝ ռուսական «Կոմերսանտին» տված հարցազրույցը, որը, փաստորեն, կարելի է համարել ինքնափիառ՝ զուգորդված հակափաշինյանական սև փիառով, հատկապես աչքի է ընկնում Պուտինի հանդեպ Քոչարյանի՝ քծնանքի հստակ տարրեր պարունակող ռեվերանսներով, միջնորդավորված հաճոյախոսություններով, «քիմիայի» մասին պատումներով և այլն: Իհարկե, սա առաջին դեպքը չէ, երբ երկրորդ նախագահը փորձում է կապիտալիզացնել իր ու Ռուսաստանի բազմամյա ղեկավարի անձնական հարաբերություներն ու դրանցից քաղաքական օգուտ կորզել, սակայն Սոլովյովի հետ Քոչարյանի այս երկխոսությունն այդ իմաստով ակնհայտորեն ծայրահեղության է հասցված: Ակնհայտ է, սակայն, որ Քոչարյանի մոլուցքն՝ ամեն պատեհ ու անպատեհ առիթով հիշատակելու Պուտինի անունն ու իրենց միջև տարիների ընթացքում ձևավորված ընկերությունն, այնքան էլ անվտանգ կարող է և չլինել առաջին հերթին հենց ռուսական շահի տեսանկյունից: Բանն այն  է, որ Քոչարյանն, ով հայության գերակշիռ հատվածի կողմից ասոցացվում է բացառապես վատի, թալանի, արյան հետ,  ինք զինք նույնականացնելով Պուտինի հետ ու փաստացի հենց նրան հայտարարելով իր քաղաքական ճակատագրի համար պատասխանատվություն կրող կարևոր մեկը, յուրատեսակ «պոդստավկա» է անում իր ռուս գործընկերոջը՝ հարվածի տակ դնելով ՌԴ շահերն ու հեղինակությունը Հայաստանում. ապրիլյան պատերազմից հետո, հայտնի փաստ է, հայաստանյան հասարակության շրջանում էապես սրվել են հակառուսական տրամադրությունները՝ փաստ, որի հետ այսօր հաշվի է նստում ու ամեն գնով հաղթահարել է փորձում ինքը՝ Մոսկվան (հայկական հեղափոխության հանդեպ Մոսկվայի զուսպ պահվածքը բացատրվում է հենց հայ հասարակության շրջանում ավելորդ հակառուսական տրամադրոթյուններ չառաջացնելու, իրավիճակը չսրելու Կրեմլի ձգտմամբ): Ակնհայտ է, որ Քոչարյանի ձգտումն՝ ամեն գնով ասոցացվելու Պուտինի հետ, ՌԴ համար այսօր դարձել է իսկական խնդիր. Փաշինյանի հեռացումը ֆանտաստիկայի ժանրից է, իսկ սա նշանակում է, որ հայ հասարակության աջակցությունը վայելող գործչի հետ պայմանավորվելիս Մոսկվան այս կամ այն կերպ ստիպված է լինելու հաշվի նստել Հայաստանում տիրող հասարակական տրամադրությունների հետ: Միանշանակ է, որ Քոչարյանի՝ բաց տեքստով արվող առաջին հայացքից պուտինահաճո, բայց իրականում վտանգավոր հայտարարությունները չեն կարող նպաստել հայ հասարակության ընկալման մեջ Ռուսաստանի կերպարի բյուրեղացման կարևորագույն պրոցեսին՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Ինչ վերաբերում է հայաստանյան շահերին, ապա այս առումով, առհասարակ, ավելորդ է խոսել ու բացատրել, թե ինչ մեծ վնաս է հասցվում հատկապես Հայաստանի՝ որպես անկախ երկրի միջազգային իմիջին, երբ ՀՀ երկրորդ նախագահի հայտարարություններից այնպիսի տպավարություն է ստեղծվում, որ իրեն անկախ հռչակած երկրում կատուներն անգամ մլավում են բացառապես Մոսկվայից իջաց հրահանգներին համապատասխան կերպով. ասես խոսքը ոչ թե Հայաստանի, այլ ինչ-որ զիմբաբվեատիպ պետության մասին է: Հետարքրիր է՝ որքա՞ն երկար է Քոչարյանը պատրաստվում ինքնառեալիզացվելու փորձեր անել պետությունների ազգային շահերի հաշվին… Norlur.am              
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.