«Արեգակին պետք է հեռվից նայել. կայրի, եթե շատ մոտենաս…»

Քոչարյանը շարունակում է որոշակի պարբերականությամբ տրվող  իր հարցազրույցների շարքը. այս անգամ հերթը կրկին ռուսական «Կոմերսանտին» է վերադարձել: Այս հարցազրույցն, ինչպես և սրան հաջորդած բոլոր մյուս նախորդներն, ըստ էության, մեկ բանի են միտված՝ սևացնելու հեղափոխությունն ու հռչակելու Քոչարյանի անփոխարինելիությունը: Այս անգամ, սակայն, Քոչարյանի հարցազրույցը, միգուցե ի տարբերություն մյուս բոլոր նախորդների, աչքի է ընկել բավական պատկերավոր ձևակերպումներով. երկրորդ նախագահը սկսել է այլաբանորեն արտահայտել սեփական անփոխարինելիության մասին ունեցած համոզմունքից բխած մտքերը: Այսպես՝ Քոչարյանը «Կոմերսանտի» լրագրողի հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանում ներկայում Փաշինյանի գլխավորությամբ հաստատվել է կառավարման օխլոկրատիկ մոդել՝ միաժամանակ մանրամասնելով, թե ինչ է այն իրենից ներկայացնում: «Նա ընտրել է կառավարման օխլոկրատիկ մոդելն, երբ երկնակամարում կա միայն մեկ արև, նրանից հետո չկա երկրորդ, երրորդ, տասներորդ համար»,-հայտարարել է Քոչարյանը՝ Փաշինյանին համեմատելով Չավեսի հետ.  նման մոդելը չի կարող կենսունակ լինել, նպաստել զարգացմանը: Իսկ ահա լրագրողի այն նկատառմանը, թե տվյալ երևույթը բնորոշ է ոչ միայն Հայաստանին, այլև մյուս հետխորհրդային երկրներին ու ղեկավարներին, Քոչարյանը «ցնցող» պատասխան է տվել՝ դրական համարելով տվյալ երևույթն այն դեպքում, «եթե այդ արևն ունի կառավարման փորձ, գիտելիքներ և ունակություններ, կողմնորոշվում է դեպի երկրի երկարաժամկետ շահերը, ոչ թե կարճաժամկետ էֆեկտին՝ ցույցեր, միտինգներ: «Իսկ եթե այդ արևն անկանխատեսելի է, հիստերիկ ու չի տեսնում հեռանկարը, կարող է աղետ տեղի ունենալ»,-համոզված հայտարարել է երկրորդ նախագահը՝ միաժամանակ Փաշինյանին համեմատելով մարող երկնաքարի հետ: Թե որքանով է Քոչարյանի համեմատությունը կամ իրավիճակի այլաբանական մեկնությունն արտահայտում այն իրականությունը, որում այժմ հայտնվել է Հայաստանը, թերևս, քննարկման առանձին հարց է, սակայն ուշագրավն այստեղ այն է, որ  Քոչարյանը տվյալ պարագայում երկակի ստանդարտների կիրառելիության տրամաբանությամբ է իր քարոզխոսությունը կառուցում. Փաշինյանի «օխլոկրատիան» վատն է, իսկ ահա Քոչարյանինը կլինի անթերի, դեպի կատարյալն առաջնորդող համակարգ (ակնհայտ է, թե ում նկատի ունի երկրորդ նախագահն, երբ խոսում է կառավարման փորձ, գիտելիքներ և ունակություններ ունեցող «արևի» մասին): Սրանով Քոչարյանը փորձում է մի կողմից հայ հասարակության վրա տպավարություն թողնել, մյուս կողմից Ռուսաստանին հասկացնել, որ ինքն ուղղակի անփոխարինելի է, քանի որ առաջին հերթին ներկայացնում է հին համակարգն, ավելին՝ դրա ամենավառ ջատագովն է հանդիսանում այսօր՝ հանգամանք, որը կարող է շահագրգռել Մոսկվային՝ ավելի հաճախ շնորհավորելու Քոչարյանի ծնունդն՝ ասենք տարին մի երկու-երեք անգամ… Իրականում միանշանակ է, որ Քոչարյանի «հիմնավորումները» չեն կարող ենթարկվել որևիցե տրամաբանական վերլուծութան՝ բացառությամբ, թերևս, մեկ փաստի արձանագրման. Քոչարյանը ջանք չի խնայում Մոսկվային համոզելու, որ Հայաստանի ապագան, իսկ դրա հետ նաև Ռուսաստանինը կախված է մեկ պարզ հարցից՝ կհաջողվի՞, արդյոք, Քոչարյանին կրկին սեփականել Հայաստանը, թե՞ ոչ: Norlur.am
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.