fbpx
/// Հայ-ռուսական հարաբերությունների միստիկան. զուգահեռ իրականություներ

Հայ-ռուսական հարաբերությունների միստիկան. զուգահեռ իրականություներ

168.am-ին տված հարցազրույցում  ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինն անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններում արձանագրված վերջին զարգացումներին՝ խոսելով ամենահրատապ թեմաների շուրջ:

Պետք է նկատել, որ Զատուլինն, ի տարբերություն ռուս փորձագետների, որոնք հարցազրույց տալիս, ըստ էության, ներկայացնում են բացառապես սեփական  սուբյեկտիվ տեսակետներն այս կամ այն հարցի շուրջ, բարձրաստիճան պաշտոնյա է, ում հայտնած նույնիսկ անձնական տեսակետը շատ դեպքերում դժվար է ընդունել որպես անհատի դիքրորոշում. մեծ է գայթակղությունը Զատուլինի կարծիքը խիստ սուբյեկտիվ չհամարելու, ինչը, թերևս, բնական է:

Հարցազրույցն, ըստ էության, մեկ բանի մասին են խոսում. ռուսական շրջանակներում մեծանում է անհանգստությունը Հայաստանում ընթացող պրոցեսների վերաբերյալ:

Այսպես՝ գնահատելով Պուտին-Փաշինյան վերջին հանդիպման արդյունքներն ու արձագանքելով Փաշինյանի այն հայտարարությանը, որ Մոսկվայի հետ Հայաստանի հարաբերություններն երբեք նման բարձր մակարդակի չեն եղել, Զատուլինն ասել է. «Ես չեմ ցանկանում որևէ մեկի արած հայտարարությունը հերքել, դա իմ կողմից սխալ կլիներ, քանի որ յուրաքանչյուրն իր վարկածն ունի այս կամ այն իրադարձության վերաբերյալ: Սակայն որոշակի մտահոգություն այն բանի վերաբերյալ, թե ինչ է կատարվում Հայաստանում, Ռուսաստանում պահպանվում է: Այդ մտահոգությունները ձևավորվել են այն անկայունության, թշնամիների փնտրտուքի հետևանքով, որը տեղի է ունենում Հայաստանում, ինչը կարող է հեռուն տանել Հայաստանը: Իսկ դրա արդյունքում խաթարվում է մեր վստահությունը գործընկեր երկրի կայունության վերաբերյալ, ինչն առավել կարևոր է ՀԱՊԿ տարածաշրջանի համար»:

Իսկ ահա խոսելով հայտնի ձայնագրության շուրջ՝ Զատուլինը հայտարարել է. «ՀՀ նոր իշխանությունները սիրում են «հեղափոխություն» բառը, որի վերաբերյալ ՌԴ-ում հատուկ կարծիք կա, քանի որ նման զարգացումները Ռուսաստանում մշտապես բացասական հետևանքների են հանգեցրել մեր ազգի համար` Ռուսական կայսրությունն ու ԽՍՀՄ-ն են տապալվել հեղափոխությունների հետևանքով: Որքան ես գիտեմ, Փաշինյանի Մոսկվա կատարած այցի շրջանակում տեղի է ունեցել Փաշինյանի հանդիպումը գործարար համայնքի հետ, որի ընթացքում նման քննարկումներ են ընթացել: Եվ չնայած այդ ամենին, Հայաստանում շարունակվում է «վհուկների որսը»,-միաժամանակ համոզմունք հայտնելով, որ ԱԺ ինքնալուծարման մասին Փաշինյանի հայտարարությունները չեն կարող ընդունելի միջոց լինել՝ դուրս բերելու Հայստանը ստեղծված ճգնաժամային իրավիճակից: «Ես քաղաքականության մեջ եմ շատ վաղուց: նման դեպքերում խորհրդարանի ինքնալուծարմանը կարելի է հասնել վախեցնելով և այլ միջոցներով, ճնշումներով: Իսկ ինչպե՞ս Հայաստանում ստեղծված այդ մթնոլորտը կանդրադառնա աշխարհում Հայաստանի հարաբերությունների, ԼՂ-ում իրավիճակի վրա: Լինելով Հայաստանի բարեկամը, ես չեմ ցանկանում նման զարգացում Հայաստանում: Այդ մեթոդները չափազանց ռիսկային են»,-հավելել է Զատուլինը:

Զատուլինը շոշափում է հարցերի բավական լայն շրջանակ՝ Քոչարյանի հետ տեղի ունեցող պրոցեսներից մինչև Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսի 17-ին տեղի ունեցած հանրահավաքը: Ընդ որում՝ ոչ պակաս ուշագրավ է այն, որ ռուս պշտոնյայի խոսքերում տեղ են գտել ակնհայտ հեռուն գնացող ակնարկներ, որոնցից այնքան էլ լավ հոտ չի գալիս. տպավարություն է՝ ասես մտահոգ վերաբերմունքի քողի տակ զրուցակիցը Հայաստանին ինչ-որ բաներ է փորձում հասկացնել կամ նույնիսկ ինչ-որ բաների մասին նախազգուշացնում: Ակնհայտ է, որ հեղափոխությունների՝  Ռուսական կայսրության ու ԽՍՀՄ վրա ունեցած բացասական ազդեցությունների մասին ակնարկը ոչ թե պատմական էքսկուրս է, այլ քողարկված սպառնալիք՝ Հայաստանին: Նմանատիպ ալեգորիկ, բայց հստակ ակնարկներ պարունակող մտքերը բավական շատ են Զատուլինի խոսքում, ինչը, թերևս, չի կարող չմտահոգել

Եթե փորձենք մեկ նախադասությամբ բնորոշել Զատուլինի հարցազրույցն, ապա պետք է ֆիքսենք, որ դրա բովանդակությունը, ցավոք, ուղիղ հակասության մեջ է գտնվում Փաշինյանի լավատեսական հայտարարույունների ու Պուտին-Փաշինյան հանդիպման արդյունքների հետ (չնայած ակնհայտ է, որ արդյունքներից խոսելը դեռևս վաղ է ու դրնց մասին կարելի է հետևություններ անել բացառապես հիմնվելով նույն Նիկոլ Փաշինյանի լավատեսության վրա): Եվ ուրեմն՝ բնական հարց է առաջանում՝ արդյոք գործ ունենք երկու զուգահետ իրականությունների հե՞տ, թե՞, պարզապես ռուսական դիվանագիտության  յուրատեսակ տակտիկայի: Մոսկվան իսկապես այդքան սիրո՞ւմ է Քոչարյանին, որ որոշել է նույնիսկ «արյան գնով» նրան պաշտպանել, թե՞ սա ընդամենը լավ քողարկված խաղ է՝ Երևանից ու նոր իշխանություներից ավելին կորզելու նպատակով. ակնհայտ է, որ Ռուսաստանում առվազը որոշ ազդեցիկ շրջանակներ որոշել են հմտորեն խաղալ ներհայաստանյան հակասությունների վրա՝  իրավիճակը ծառայեցնելով բացառապես սեփական շահերին: Ուշագրավ է, որ Մոսկվան դեռ կարծես փորձում է միայն մտահոգությունների տեսքով արտահայտել սեփական դիրքորոշումը ՀՀ-ում տեղի ունեցող իրավական պրոցեսների վերաբերալ՝ ձեռնպահ մնալով հեղափոխական իշխանությունների վրա ուղղակի ճնշում բանեցնելուց, ինչը մի կողմից՝ թույլ է տալիս Կրեմլին կամուրջները չայրել ժամանակի իշխանությունների հետ, մյուս կողմից՝ կատարյալ վերահսկողության տակ պահել հակառակ բևեռին. Մոսկվան ապահովագրվում է բոլոր դեպքերի համար՝ մի կողմից՝ չնեղացնելով Քոչարյանին, ով դարձել է հակահեղափոխության գլխավոր բևեռն ու ազնվորեն կատարելով սեփական ընկերական պարտավորությունները նրա հանդեպ, մյուս կողմից՝  աշխատանքային հարաբերոթյուններ պահպանելով Փաշինյանի հետ:

Այստեղ ակնհայտորեն գլխավորը հակակշիռների փիլիսոփայությունն է, որը թույլ է տալիս Մոսկվային սեփական բռում պահել բոլորին՝ անխտիր:

Norlur.am

 

 

 

 

 

 

 

 

 

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2018-09-14T13:56:34+00:00 Սեպտեմբերի 14 13:56|Մեկնաբանություն|0 Comments
//
//